Այսօր`ապրիլի 2-ին, հայ-ամերիկյան հարաբերությունների 20-ամյակին նվիրված ելույթի ժամանակ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին բարեկեցիկ, ժողովրդավար և արևմտյան արժեհամակարգով պետություն դառնալու ձգտման մեջ:
Իր ելույթում դեսպանն անդրադարձել է առաջիկա ԱԺ ընտրություններին՝ ընդգծելով ընտրությունների նկատմամբ տիրող անվստահության մասին:
Նա անդրադարձել է վերջերս Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքներին, երբ հարցվողների միայն 12%-ն է ակնկալել ազատ-արդար ընտրություններ:
Ջոն Հեֆերնի համոզմամբ մարդիկ պետք է կատարեն աշխատանքի իրենց մասը, ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր, դաշինքներ՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար, ինչպես նաև մշակեն և գործարկեն կեղծիքները կանխելու լուրջ մեխանիզմներ:
Դեսպանի խոսքով, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան շարունակելու են երկարաժամկետ խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը: Նա նաև նշել է, որ համաձայնության պետք է գան հակամարտության կողմերը, և որևէ լուծում հնարավոր չէ պարտադրել դրսից:










































