Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը («Կադիլակ Սերոժ») իրեն պատկանող «Հայրենիք» կինոթատրոնի տարածքը վարձակալական հիմունքներով 1 տարի ժամկետով «նվիրաբերել է» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նախկին կինոթատրոնի շենքը, որն արդեն ԲՀԿ-ի Շենգավիթ տարածքային կառույցի կենտրոնական գրասենյակն է, երեկվանից ամբողջությամբ պաստառապատվել է «բարգավաճական»` «Մեր խոսքը գործ է», «Հավատա, վստահիր, պահանջիր» կարգախոսներով:
Մեր այցելության պահին շենքի մի հատվածը զբաղեցնող «Հայոց արծիվներ» կազմակերպության ներկայացուցիչները պատրաստվում էին լքել իրենց հատկացված սենյակը: Աշխատակիցները տեղեկացրին, որ սեփականատեր Սարգիս Հովհաննիսյանն արդեն մի քանի ամիս է՝ Ավստրիայում է, որտեղ եղբոր հետ բիզնեսով է զբաղվում:
«Այս տարածքից 3 անգամ ավելի մեծ տարածքով հիվանդանոց են հիմնել, վստահ ենք, որ շուտով կշարունակի Հայաստանի համար բարեգործություններ անել»,- ասաց տարածքի աշխատակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ Սարգիս Հովհաննիսյանը իր սեփական դիմումի համաձայն նախորդ տարվա դեկտեմբերից ազատվել էր թաղապետի պաշտոնից: Հարցազրույցներից մեկում ի պատասխան հարցի՝ շարունակելո՞ւ է իր աջակցությունը ցուցաբերել ՀՀԿ-ին և ընտրություններում աշխատելու է ՀՀԿ-ի՞ օգտին, Ս. Հովհաննիսյանն ասել էր. «Ավելի ակտիվ, ավելի ակտիվ»:
Թե ինչու է նա այժմ որոշել «Հայրենիք» կինոթատրոնի տարածքը օգտագործել ոչ թե ՀՀԿ-ի, այլ ԲՀԿ-ի համար՝ մտածելու տեղիք է տալիս:
Նշենք նաև, որ «Կադիլակ Սերոժը» Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում քրեական աշխարհում հայտնի մեծահարուստ Սամվել Հովհաննիսյանի (Օրենբուրգի Սամո) հարազատ եղբայրն է:










































