Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, որ մինչև ապրիլի 7-ը ավարտվեն մայրաքաղաքի գերեզմանատներ տանող ճանապարհների փոսալցման ու ճաքալցման աշխատանքները: Այս մասին նշվել է այսօր` ապրիլի 2-ին, քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Ամենօրյա հսկողություն կսահմանվի տվյալ տարածքների սանիտարական մաքրման և աղբահանության պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Անդրադառնալով մայրաքաղաքում անօթևանների հաշվառման ու համապատասխան հաստատություններում տեղավորման ծրագրային աշխատանքների ընթացքին` սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ դեկտեմբերից մինչ օրս հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ է տեղափոխվել և շուրջօրյա խնամքի տակ անցել 73 անօթևան: Զեկուցվել է, որ նրանց մի մասը հարազատների կողմից, մյուսներն էլ` հանդիսանալով մարզերի բնակիչներ, տեղափոխվել են իրենց բնակության վայրեր:
Անօթևաններից ոմանք, աշխատանքի անցնելով, վերադարձել են ինքնուրույն կյանքի, մի քանիսն էլ տեղափոխվել են տուն-ինտերնատ: Զուգահեռաբար վարչական շրջանների զբավածության տարածքային կենտրոնների հետ աշխատանքներ են տարվում անօթևանների աշխատանքի տեղավորման ուղղությամբ:
Հանձնարարվել է նաև մինչև ապրիլի 15-ը ապահովել Աբովյան փողոցի սահմանված հատվածում Ալեքսանդր Մանթաշյանի, ինչպես նաև Մոսկովյան-Տերյան փողոցների հատման հարակից տարածքում «Մշո ճառընտիրը փրկող կանայք» կոմպոզիցիոն արձանանների պատվանդանների պատրաստումն ու տեղադրումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:








































