Իսրայելական բանտում գտնվող պաղեստինյան երկրորդ ինթիֆադայի (ապստամբության) առաջնորդներից Մարվան Բարղուտիին տեղափոխել են մենախուց: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով բանտի ղեավարությանը, դրա համար պատճառ են հանդիսացել Բարղուտիի կողմից պաղեստինցի ժողովրդին ուղղված «լայնածավալ ժողովրդական դիմադրության» կոչերը:
«Թանզիմի» (ՖԱԹՀ-ի ռազմականացված երիտասարադական թևը) առաջնորդը, որը ցմահ ազատազրկման էր ենթարկվել իսրայելցիների սպանություն կազմակերպելու մեղադրանքով, մենախցում կմնա մեկ շաբաթ: Բացի այդ, մեկ ամսվա ընթացքում նրա մոտ այցելուներ չեն թողնի, և նրան կարգելվի գնումներ կատարել բանտի բուֆետում:
Անցյալ շաբաթ Ռամալլայում տեղի ունեցած պաղեստինիցների ցույցի ժամանակ ընթերցվել է Բարղուտիի ուղերձը, որում նա մասնավորապես կոչ էր անում «ամբողջությամբ դադարեցնել տնտեսության և անվտանգութան բնագավառում Իսրայելի հետ գործողությունների համակարգումը»: Բացի այդ, նրա ուղերձում ասվում էր, որ «պաղեստինցի ժողովուրդն իրավունք ունի ցանկացած մեթոդով դիմադրելու օկուպացիային»:









































