Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Սիրիայի հակամարտությունից տուժածներին նվիրաբերել է 100 հազար դոլար օգնություն: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Վատիկանի ռադիոն:
Միջոցները կուղարկվեն Cor Unum («Միասնական սիրտ») Պապի խորհրդի միջոցով, որը զբաղվում է Հռոմի պապի տրամադրած օգնության տարածմամբ:
Վատիկանյան այդ գերատեսչության քարտուղարի խոսքերով՝ օգնությունը կարիքավորներին կփոխանցվի Սիրիայում գործող կաթոլիկական բարեգործական կազմակերպությունների միջոցով, որոնք հակամարտության ամբողջ ընթացքում շարունակել են օգնություն ցուցաբերել տուժածներին՝ անկախ իրենց կրոնական և քաղաքական հայացքներից: Այս պահին կաթոլիկական կառույցներն առավել ակտիվորեն օգնություն են ցուցաբերում Հոմսում և Հալեպում:
Սիրիայում մեկ տարուց ավելի շարունկավում է զինված հակամարտությունը ընդդիմության և իշխանությունների միջև: Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ այդ ընթացքում զոհվել է ավելի քան 9000 մարդ:








































