Աբխազիայի իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի թուրքական «Հակի Չիլիօղլու» նավի անձնակազմի չորս վրացի անդամներն ապահով տուն վերադառնան:
Շաբաթ օրը վրացա-աբխազական սահմանով, Ինգուրի գետով անցնելով՝ Վրաստանի քաղաքացիները հանձնվել են վրացական կողմին: Այս մասին հայտնել է աբխազական հեռուստաալիքը:
Թուրքական «Հակի Չիլիօղլու» նավը, որը պատկանում է Starlet Shipping ընկերությանը, 2011 թ. մայիսի 5-ից կանգնած է Աբխազիայի ափերի մոտ: Նավի վրա մնացել էին անձնակազմի հինգ անդամներ, որոնց Սուխումիի նավահանգստի վարչակազմը բազմիցս նյութական և մթերային օգնություն էր ցուցաբերել:
Փետրվարի 2-ին Սուխումի էր ժամանել նավատեր ընկերության ներկայացուցիչը, ով նավի կապիտանին մերժել էր օգնություն ցուցաբերել: Ընդ որում, թուրքական ընկերությունը գրեթե մեկ տարի է՝ նավի անձնակազմի անդամներին աշխատավարձ չի վճարում:
Աբխազիայի ԱԳՆ-ն, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի անդամները կազմակերպել են վրացի ծովայինների տեղափոխումը Վրաստան:
Նավի հարցը, որը շաունակում է կանգնած մնալ Սուխումիի ծովային նավահանգստում, դեռևս լուծված չէ:












































