Պատկան մարմինները՝ Առողջապահության նախարարությունը, մաքսային կոմիտեն և ԱԱԾ-ն, ներկայում զբաղվում են ՀՀ-ում հայտնված կեղծ դեղերի խնդրով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը նշեց, որ առաջին հերթին պետք է պարզել, թե ինչ ձևով են այդ կեղծ դեղերը ներմուծվել:
Ըստ նրա՝ ներմուծողներն անհատներ են և ոչ թե կազմակերպություններ, և բերում են ճամպրուկներով, կամ գրպաններում: Քանի որ և՛ Ադրբեջանում, և՛ Վրաստանում ներմուծման ժամանակ ԱԱՀ չկա, ի տարբերություն Հայաստանի՝ դեղերն ավելի էժան են:
Նախկինում, Ս. Զաքարյանի խոսքով, կեղծ դեղերի քանակությունը բավականին քիչ է եղել ՀՀ-ում՝ ամենաշատը 1-2%: Դա պայմանավորված էր օրենսդրական դաշտի խստությամբ և միջազգային չափանիշներին համապատասխանությամբ, նաև Առողջապահության նախարարության փորձագիտական կենտրոնն էր լավ աշխատում: Ըստ Ս. Զաքարյանի՝ անցած տարի կանոնակարգը թուլացվեց, և այժմ, փաստորեն, երևում են հետևանքները:








































