Հանրային խորհրդում մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի հետ կապված քննարկումներ եղել են Կարեն Կարապետյանի քաղաքապետության օրոք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԽ փոխնախագահ Խոսրով Հարությունյանը հայտնեց, որ իրենց գնահատմամբ՝ երթուղային միկրոավտոբուսներով քաղաքային փոխադրումներ կազմակերպելն ամենաանհաջող տարբերակն է, և զարգացած ոչ մի երկրում դա չի կիրառվում. «Վերջին հաշվով, հանրային տրանսպորտի նպատակը ոչ թե քաղաքացուն իր տնից բարեկամի տուն հասցնելն է, այլ քաղաքացիների համար տեղափոխման հիմնական ուղղություններով հարմարավետ պայմաններ ստեղծելն է»:
ՀԽ-ն առաջարկություններ էր ներկայացրել քաղաքային իշխանություններին երթուղային ցանցի վերաբերյալ: Խ. Հարությունյանը կարևորեց էլեկտրատրանսպորտի դերը, որն էկոլոգիապես մաքուր է, և հույս հայտնեց, որ կհաջողվի աստիճանաբար վերականգնել որակյալ տրանսպորտային ծառայությունը:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում միկրոավտոբուսների և ավտոբուսների 41% և 46% հարաբերակցությունը, Խ. Հարությունյանը պատասխանեց. «Ներքաղաքային տրանսպորտի կազմակերպումը հարաբերակցության հետ կապել չի կարելի: Իմ կարծիքով՝ երթուղային տաքսի ընդհանրապես չպետք է լինի: Այլ բան է, որ քաղաքապետարանը, հաշվի առնելով իր հնարավորությունները, փուլ առ փուլ է անցնում դրան»:








































