Google կորպորացիան սկսել է փորձարկել սպամից պաշտպանվելու reCAPTCHA տեխնոլոգիան` տներին փակցված ցուցանակների գրությունները ճանաչելու համար, որոնք նկարահանված են Street View ծառայությամբ: Այս մասին տեղեկացնում է TechCrunch-ը: Դրա համար օգտատիրոջից պահանջվում է մուտքագրել աղավաղված երկու բառերը: Դրանցից մեկն արդեն ծանոթ է համակարգին, իսկ մյուսը պետք է համակարգը ճանաչի օգտատիրոջ միջոցով:
Տեխնոլոգիան հիմնականում կիրառվում է հին գրքերից սկանավորված էջերի տեքստերի ճանաչման համար:
Google-ի ներկայացուցիչները հայտնել են, որ կորպորացիան մտադիր է reCAPTCHA-ն օգտագործել շենքերի համարների, փողոցների անվանումների և ճանապարհային նշանների ճանաչման համար:
Տեխնոլոգիան մշակել է Կարնեգա-Մելոնի համալսարանը: Google-ն այն ձեռք է բերել 2009 թվականին: reCAPTCHA-ն օգտագործվում է Google-ի արտադրանքներում, ինչպես նաև LiveJournal-ում, Twitter-ում և այլ ինտերնետ-նախագծերում:







































