Հունվարի 11-14-ը Կոպենհագենում տեղի ունեցավ Իրաքի կրոնական առաջնորդների արտահերթ վեհաժողովը, որին իրենց մասնակցությունը բերեցին ինչպես Իրաքի սուննի և շիա ուղղությունների առաջնորդները, այնպես էլ՝ քրիստոնեական համայնքների առաջնորդներն ու պառլամենտի անդամներ: Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, ժողովին մասնակցում էր Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արք. Ասատուրյանը:
Վեհաժողովն ընդունեց հռչակագիր, որում մասնավորապես ասվում է, որ Իրաքի քաղաքական վերածննդի համար կենսական նշանակություն ունեն երկրի բնակիչների անվտանգության ապահովումը և վստահության վերականգնումը սեփական երկրի նկատմամբ, որի գրավականներից մեկն էլ քրիստոնյաների նկատմամբ կիրառվող բռնության և հալածանքների իսպառ կանխարգելումն է: Ըստ հռչակագրի՝ հանրային իրավունքի և իրավահավասարության սկզբունքների գործնականացումը պետք է դրվի Իրաքի սահմանադրության հիմքում, իսկ ծառայությունը պետական մարմիններում պետք է իրականացվի առանց կրոնական խտրականությունների: