Մոսկվան ողջունում է Արաբական երկրների լիգայի կողմից Սիրիայում Քոֆի Անանի առաքելությունը պաշտպանելու դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ Բաղդադում կայացած ԱԵԼ–ի համագումարից հետո:
«Մենք կարևոր ենք համարում, որ համագումարի գլխավոր կետերից էին Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում լարված իրադրությունը թուլացնելու համար արաբական ուժերի միավորումը: Այս տեսակետից քննարկվել է իրադրությունը Սիրիայում, Լիբիայում և մի շարք այլ երկրներում, որոնք հիմա հաղթահարում են ներքին ռեֆորմացիայի շրջանը»,- նշել են նախարարությունում:
Համագումարում լիակատար աջակցություն է հայտնվել ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաքելությանը` խաղաղ ճանապարհով Սիրիայում լարված իրավիճակը կարգավորելու համար:
«Արաբական համագումարի մասնակիցները միաձայն կարևորում են Սիրիայի ամբողջականության և կայունության պահպանման, սիրիական ժողովրդի օրինական ազատության և ժողովրդավարության ձգտումների հարցը: Արաբական առաջնորդները խոսել են նաև Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամ դառնալու հարցի օգտին»,- հայտնել են նախարարությունից:
Ընդհանուր առմամբ համագումարի ընթացքում ստորագրված համաձայնագրերը ցույց են տալիս, որ ԱԵԼ–ը ցանկանում է ակտիվ դեր խաղալ տարածաշրջանային և միջազգային խնդիրներին դիվանագիտական լուծումներ գտնելու գործում։








































