Ուկրաինայի իշխանությունները քննարկում են Գերմանիայում նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բուժվելու հարցը: Այս մասին УКРИНФОРМ գործակալությանը հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը:
«Ուկրաինական իշխանությունները պատրաստ են քննարկել Յուլյա Տիմոշենկոյի բուժումը Գերմանիայում իրականացնելու հարցը: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսություն իրականացնել և լուծումներ փնտրել»,- ասել է Կուզմինը: Դրա հետ մեկտեղ նա կոչ է արել չառաջնորդվել երկակի ստանդարտների չափանիշներով։
«Եթե մենք խոսում ենք երկակի ստանդարտների բացակայության մասին, ապա մենք պետք է ազնիվ լինենք` այն հիվանդությամբ, ինչ որ Տիմոշենկոյինն է, մենք շատ դատապարտյալներ ունենք: Արդյո՞ք այստեղ չկա կողմնակալ վերաբերմունքի հարց։ Այսինքն, օլիգարխ Տիմոշենկոյի համար՝ Գերմանիայի լավագույն հիվանդանոցները, իսկ սովորական աղքատ բանտարկյալների համար՝ ուկրաինական գաղութը: Դա արդա՞ր է»,- ասել է Կուզմինը:
Նրա խոսքերով՝ այդ հիվանդությամբ տառապում են Կաչանովյան քրեակատարողական հիմնարկի 150 բանտարկյալներ և նրանցից շատերը դիմում են` խնդրելով Տիմոշենկոյի հետ մեկնել Գերմանիա՝ բուժվելու:
«Եթե գերմանական հիվանդանոցը պատրաստ է ընդունել բոլոր ուկրաինացի հիվանդներին, ապա իրավիճակը ինքնըստինքյան լուծում կստանա»,- ասել է նա:
Կուզմինը հավաստիացրել է, որ Տիմոշենկոյին չեն ստիպի նոր դատական լսումներին ներկա գտնվել, եթե նրա առողջական վիճակը դա թույլ չտա:
Նշենք, որ գերմանացի բժիշկնեը ներկա են եղել Տիմոշենկոյի բուժզնմանը և առաջարկել են նրան բուժել քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս: Տիմոշենկոն հրաժարվում է բուժվել ուկրաինական հիվանդանոցներում:









































