Եվրոգոտում երկրների ֆինանսների նախարարները պայմանավորվել են մինչև 800 մլրդ եվրոյով ավելացնել դրամական միջոցները, որը պետք է ուղղվեն պարտքային ճգնաժամի հաղթահարմանը: Այս մասին, ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, ասել է Ավստրիայի ֆինանսների նախարար Մարիա Ֆեկտերը:
Նրա խոսքով`այդ գումարի մեջ ներառված են Եվրոպական կայունացնող մեխանիզմի (ESM-ն իր աշխատանքները կսկսի հուլիսին) 500 մլրդ եվրոն, EFSF ժամանակավոր հիմնադրամի 200 մլրդ եվրոն, Եվրոպական ֆինանսական կայունացման մեխանիզմի 49 մլրդ եվրոն (ստեղծվել է պարտքային ճգնաժամի դեմ պայքարի շրջանակում) և երկկողմանի վարկերի համար նախատեսված 53 մլրդ եվրոն, որ արդեն պահուստավորված է Հունաստանի համար:
Այսպիսով, 800 մլրդ-ից շուրջ 300 մլրդ եվրո արդեն խոստացված կամ հաշվարկված է վարկերի համար, իսկ նոր ներգրավված գումարների ծավալը կկազմի կես տրիլիոն եվրո:
Ֆեկտերը նաև նկատել է, որ ESM-ն, որը ստեղծվել է որպես հիմնական հիմնադրամ, և ժամանակավոր ստեղծված EFSF-ն միաժամանակ կգոյատևեն մինչև 2013թ. կեսերը: Այս մասին գրում է Le Nouvel Observateur-ը:





































