Արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցության մեջ մտնող երկրները Մալիի զինված խունտային ներկայացրել են վերջնագիր` կա՛մ վերադարձնել իշխանությունը քաղաքացիական կառավարությանը, կա՛մ բախվել տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցների հետ: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրան»:
Պահանջին պատասխանելու համար խունտային տրվել է 72 ժամ մտածելու ժամանակ:
Այն դեպքում, եթե իշխանությունը չփոխանցվի հեղաշրջված կառավարությանը, Մալիի հարևանները կփակեն այդ երկրի հետ սահմանները, կսառեցնեն հաշիվները աֆրիկյան բանկերում, ինչպես նաև կխզեն դիվանագիտական հևրաբերությունները Բամակոյի հետ:
Մինչ հայտարարությունը մի շարք արևմտաաֆրիկյան առաջնորդներ փորձել են թռչել Մալի` տեղում երկխոսություն հաստատելու համար խունտայի և երկրի նախկին կառավարության միջև, սակայն նոր իշխանությունները չէին թույլատրել:
Նրանք Բամակոյի օդանավակայանի թռիչքուղու վրա կանգնեցրել էին մեքենաներ` դրանով անհնար դարձնելով ինքնաթիռների վայրէջքը:
Ավելի վաղ իշխանությունն անհապաղ օրինական տերերին վերադարձնելու կոչով հանդես էին եկել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և մի շարք այլ արևմտյան երկրների առաջնորդներ:







































