Երեկ Ղարաբաղի խորհրդարանի լիագումար նիստում որոշվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահի ընտրություններ անցկացնելու օրը` հուլիսի 19:
Եթե Հայաստանում խորհրդարանի ընտրություններին ընդառաջ կրքերը դեռ նախորդ տարվանից էին սկսել բորբոքվել, ԼՂ-ում, չնայած ընտրություններին չորս ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն ոչ միայն ընտրական մթնոլորտի թեժացում չկա, այլև քաղաքական կյանքում պասիվություն է: «Սա արդեն սովորական է Արցախում քաղաքական մեռյալ իրավիճակի պայմաններում: Ընտրություններին մասնակցելու մասին որևէ մեկը չի հայտարարել, այդ թվում նաև` գործող նախագահը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախում նախընտրական ներկա տրամադրություններին, ասաց Արցախի Եվրոպական շարժում ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը:
«Ֆրիդըմ Հաուզ» իրավապաշտպան կազմակերպության այս տարվա զեկույցում վիճահարույց տարածքների ցանկում ընդգրկված Լեռնային Ղարաբաղը որևէ առաջընթաց չէր արձանագրել: Զեկույցում Ղարաբաղը բնութագրվել էր որպես անազատ երկիր, որտեղ հիմնական քաղաքական իրավունքները բացակայում են, քաղաքացիական ազատությունները` լայնորեն և շարունակաբար ոտնահարվում… Նման պայմաններում ինչպիսի՞ ընտրություններ են կանխատեսվում ԼՂ-ում, և ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ ընտրությունները ԼՂ ճանաչման գործընթացի վրա:
Հայկ Խանումյանը ևս պնդում է, որ վերջին տարիներին Ղարաբաղը մասնավորապես ազատությունների, ժողովրդավարության ոլորտներում բացառիկ հետընթաց է արձանագրել: Ըստ մեր զրուցակցի` դրա հիմնական մեղավորը Հայաստանի իշխանություններն են, և այդ վիճակը, հավանաբար, կշարունակվի նաև հաջորդ հնգամյակում. «Մի երկրում, որտեղ ազատություն չկա, ի՞նչ ժողովրդավարական առաջընթացի մասին է խոսքը: Եթե նախագահ Բակո Սահակյանը նույնիսկ առաջադրվելու մասին հայտարարություն անի, ապա կլինի 3 թեկնածու` Բակո Սահակյան, Բակո Սահակյան և էլի Բակո Սահակյան: Այլընտրանքի բացակայությունն Արցախում արդեն հասնում է մի վիճակի, երբ այն անդրադառնում է նաև Ղարաբաղի հետագա ճանաչման պրոցեսների վրա: Այն, ինչ որ հաջողվել է անել Բակո Սահակյանին վերջին տարիներին՝ Արցախի և Ադրբեջանի միջև հավասարությունն է, այսինքն՝ ոչ ազատ, ոչ ժողովրդավար, ավտորիտար ռեժիմ: Միայն մի տարբերությամբ, որ այստեղ բանտարկված լրագրողներ չկան, որովհետև ընդդիմադիր լրատվամիջոց չկա»: Առաջիկա ընտրություններում նախագահի հավանական թեկնածուների թվում շրջանառվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Հ. Խանումյանը բացառում է Քոչարյանի` նախագահական ընտրություններին ներկայանալը. «Անտրամաբանական եմ դիտում այդպիսի վարկածները, Ռոբերտ Քոչարյանը վաղուց հայաստանյան քաղաքական համակարգի գործիչ է»:
ԼՂՀ-ում Ժողովրդավարության անկման վերաբերյալ մտահոգություններ ունի նաև ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: «Դժբախտաբար, հետխորհրդային երկրների մեծ մասում նկատելի է նահանջ ժողովրդավարական արժեքներից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Մ. Մայիլյանը` հավելելով, որ ԼՂՀ միջազգային ճանաչմանը հասնելու համար ՀՀ և Արցախի իշխանությունները, Արցախի քաղաքական կուսակցությունները և հասարակությունը պարտավոր են Արցախի հանրապետությունը զերծ պահել վտանգավոր միտումներից:
Ըստ նրա` առաջիկա ընտրությունները լավ հնարավորություն են ԼՂՀ-ի համար` վերականգնելու ժողովրդավարական «իմիջը»: Մ. Մայիլյանը գտնում է, որ Արցախում ժողովրդավարության զարգացումն ունի երկու կարևոր գործառույթ: Ըստ նրա` ժողովրդավարական պետության կառուցումն անհրաժեշտ է նախևառաջ ԼՂՀ քաղաքացիներին. «Արցախցիները հարմարավետորեն կապրեին մարդու իրավունքների և օրենքի իշխանության լիարժեք պահպանման պայմաններում: Երկրորդը` ԼՂՀ-ի համար ժողովրդավարությունն ունի կարևոր արտաքին քաղաքական գործառույթ: Ելնելով սեփական արժեհամակարգից` զարգացած ժողովրդավարական երկրները գիտակցում են, որ ժողովրդավարական առումով առավել զարգացած հասարակությունը չի կարող կառավարվել այլ պետության ավտորիտար վարչակարգի կողմից:
Այսինքն` կատարելով ժողովրդավարական բարեփոխումներ սեփական քաղաքացիների համար, երկիրը հավելյալ փաստարկ է ստանում` անկախության ձեռքբերման գործընթացի անշրջելիության օգտին»: Մ. Մայիլյանի խոսքով, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ որևէ այլ երկիր, բացի Հայաստանից, չի կարող որևէ բան փոխել Արցախի ներքաղաքական կյանքում:
Զրուցեցինք նաև ԼՂ ընդդիմադիր «Շարժում 88» կուսակցության նախագահ, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի հետ, որի անունը մամուլում շրջանառվում էր որպես նախագահի հավանական թեկնածու: Նա դեռևս վաղաժամ համարեց այդ մասին խոսելը: Ասաց, որ տեղեկություն չունի նաև հավանական մյուս թեկնածուների մասին: Հարցին, թե ինչ շանսեր կարող է ունենալ ընդդիմությունն այս ընտրություններում, Էդ. Աղաբեկյանը պատասխանեց. «Դժվար թե ընդդիմությունը հնարավորություն ունենա հաղթելու, բայց ամեն դեպքում առաջադրվելը ճիշտ է: Ինչքան շատ թեկնածուներ առաջադրվեն, այնքան ավելի լավ, որովհետև նախագահի ընտրությունն այն ընտրությունն է, որտեղ բազմաթիվ կարծիքների համադրումից կարելի է ընտրել լավագույնը»:
Էդուարդ Աղաբեկյանը, որը վերջին ժամանակներս փորձում է ինչ-ինչ քայլեր անել ընդդիմադիրներին միավորելու ուղղությամբ, ևս նույն կարծիքին է` վերջին տարիներին ժողովրդավարական առումով Ղարաբաղում հետընթաց կա. «Ինչ-որ նշաններ հանրությունը դնում է իր առջև` չգիտեմ պատճառն «արաբական գարուննե՞րն» են, թե՞ «սլավոնական ձմեռները», ամեն դեպքում, կան ժողովրդավարական նշաններ: Ժամանակին, ընդամենը մի 20 տարի առաջ Ղարաբաղը ժողովրդավարության առաջամարտիկ էր, դա մեր հիմնական զենքն էր: Եթե մեր թշնամին ինչ-որ բանից վախենում է, կարծում եմ, որ դա ո՛չ բանակի ներուժն է, ո՛չ էլ մնացած բաները, այլ ժողովրդավարության բարձր մակարդակը»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ շուտով «Շարժում 88»-ը Ղարաբաղում կգործարկի ընդդիմադիր karabakhopen.info կայքը` էլեկտրոնային այլընտրանքային լրատվամիջոց, որն, ըստ նրա, որոշակի դրական ազդակ կհաղորդի Ղարաբաղին:
Հայկ Խանումյանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունների հուշելով Ղարաբաղում փորձում են արհեստական ընդդիմություն ստեղծել: «Պարոն Աղաբեկյանը շանս ունեցել է Արցախում դառնալու իրական լիդեր` լինելով ընդդիմության թեկնածու 2004թ., հաղթել է Ստեփանակերտի ընտրություններում: Դա աննախադեպ բան էր Հարավային Կովկասի երկրներում, երբ ընդդիմության թեկնածուն հաղթում է նաև մայրաքաղաքի ընտրություններում: Սակայն շատ արագ և շատ ապաշնորհ կերպով նա ամբողջ վստահությունը զրոյացրեց,- ասաց նա և հավելեց: – Չգիտեմ` Աղաբեկյանը կառաջադրվի՞ առաջիկա ընտրություններում, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ ընդդիմությունն արհեստածին չպետք է լինի, սա էլ հավանաբար Հայաստանի իշխանությունների խորհուրդն է, որովհետև Արցախի իշխանությունները նույնիսկ դա ի վիճակի չեն հանդուրժել: Նույնիսկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը վերջերս հայտարարեց, որ կսատարեն գործող նախագահին, եթե վերջինս առաջադրվի»:








































