Գինովան քաղաքի (Օկինավա) ավելի քան 3000 բնակիչ այսօր դատարան համատեղ հայց են ներկայացրել Ճապոնիայի կառավարության դեմ` պահանջելով անմիջապես դադարեցնել Ֆուտեմմա ավիաբազայում տեղակայված ԱՄՆ ծովային կորպուսի թռիչքները և բարոյական ու ֆիզիկական վնասի փոխհատուցում տրամադրել: Այս մասին այսօր հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Հայցվորները պահանջում են իշխանություններից վճարել, ընդհանուր առմամբ, ավելի քան 5 մլրդ իեն (շուրջ 61 մլն ԱՄՆ դոլար) փոխհատուցում։
Գինովանի բնակիչները պնդում են, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների մշտական աղմուկից իրենց մոտ առաջացել են տարատեսակ հիվանդություններ ու զգալի վատացել է լսողությունը:
Վերջին անգամ Գինովանի բնակիչները համատեղ հայց էին ներկայացրել երկրի կառավարության դեմ 2002 թ., երբ Ֆուտեմեում տիրող իրավիճակից դժգոհ մարդկանց թիվը 8 անգամ պակաս էր, քան հիմա:
Այն ժամանակ Ֆուկուոկիի Գերագույն դատարանը բավարարել էր նրանց պահանջներն ու ստիպել կառավարությանը վճարել 369 մլն իեն (4.5 մլն դոլար) փոխհատուցում:








































