Ոստիկանությունը հերքում է լրատվամիջոցների տեղեկությունները, ըստ որոնց ընտրական ցուցակներում ոստիկանությունը միտումնավոր ներառում է մահացած անձանց տվյալներ:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հաղորդագրության մեջ նշվում է.
«Նշված հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում:
ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն համաձայն անձի մահը գրանցած մարմինը 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկատվությունը փոխանցում է կենտրոնական ռեգիստրին` նշելով անձի մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները: Նույն որոշման համաձայն անձի անհատական հաշվառման տվյալներն արխիվացվում են անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում: Այսինքն, նման դեպերում մահացած անձը հանվում է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից:
Բազմաթիվ են դեպքերը, երբ մահացածի հարազատները մահվան փաստը չեն գրանցում քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում կամ ռեգիստր չեն ներկայացնում Հայաստանի հանրապետությունից դուրս մահացած քաղաքացու մահվան վկայականը: Արդյունքում` ռեգիստրը չի իրազեկվում մահվան փաստի մասին և մահացածի տվյալները մնում են ընտրողների ցուցակներում:
Հարգելի քաղաքացիներ,
Խնդրում ենք, ընտրողների ցուցակներում մահացած անձնաց տվյալներ հայտնաբերելիս դիմել Անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն կամ զանգահարել 010-53-88-63 հեռախոսահամարով: Ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի Ձեր հաղորդումներին»:











































