Բաղդադում երեկ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը կոչ է արել երկխոսություն սկսել Սիրիայի ընդդիմության և իշխանությունների միջև՝ մեկ տարի շարունակվող ներքին հակամարտությունը դադարեցնելու համար: Սակայն գագաթնաժողովի մասնակիցները նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականի կոչեր չեն հնչեցրել:
Ինչպես հաղորդում «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, նրանք հայտարարել են, որ անհրաժեշտ է կյանքի կոչել ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի՝ հակամարտության կարգավորման ծրագիրը:
Ծրագիը նախատեսում է դուրս բերել Սիրիայի քաղաքներից ռազմական տեխնիկան և զորքերը, պայմաններ ստեղծել տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ուղարկելու համար և ապահովել լրագրողների մուտքը երկիր:
Բաշար Ալ-Ասադն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդունում է Անանի ծրագիրը, սակայն նշել էր, որ ծրագիրը չի աշխատի առանց դրսից ընդդիմությանը ցուցաբերվող օգնության դադարեցման:
ԱՊԼ գագաթնաժողովին մասնակցում էին արաբական պետությունների 9 նախագահներ և կառավարության ղեկավարներ: ԱՊԼ մի շարք անդամ երկրների ղեկավարներ անվտանգության նկատառումներով չէին եկել Բաղդադ:








































