Կոտ դ’Իվուարի նախագահ Ալասան Ուատտարի կողմից Մալիի ներքաղաքական ճգնաժամը դիվանագիտական մեթոդներով կարգավորելու բոլոր փորձերը ձախողվեցին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մալիի մայրաքաղաք Բամակոյի օդային տարածք Ուատտարայի ինքնաթիռի մտնելուն պես օդաչուները ստիպված են եղել փոխել ինքնաթիռի ուղղությունը, քանի որ խունտայի ներկայացուցիչները որոշում են կայացրել փակել օդանավակայանի թռիչքուղին:
Բենինի և Բուրկինա Ֆասոյի նախագահները նույնպես չեղյալ են համարել իրենց այցելությունն աֆրիկյան այդ երկիր: Հաղորդվում է, որ միջնորդ երեք երկրների նախագահները երեկ ուշ երեկոյան եռակողմ հանդիպում են անցկացրել:
Երեկ Արևմտյան Աֆրիկայի տնտեսական կազմակերպությունը վերջնագիր է ներկայացրել հեղաշրջում իրականացրած զինվորականներին: Նրանք պահանջել են առաջիկա 72 ժամվա ընթացքում հրաժարվել իշխանությունից և վերականգնել սահմանադրական կարգը: Հակառակ դեպքում աֆրիկյան երկրները սպառնում են պատժամիջոցներ կիրառել Մալիի նկատմամբ, այդ թվում` փակել սահմանները և արգելել համագործակցությունը բանկային ոլորտում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:









































