Սիրիայում ապստամբների կողմից առևանգված՝ Իրանի 12 քաղաքացի ազատ է արձակվել: Այս մասին այսօր հաղորդել է Իրանի ИРНА տեղեկատվական գործակալությունը:
Ազատման մանրամասները չեն նշվում: Միայն հաղորդվում է, որ ազատ արձակվածներից յոթն ուխտագնացներ էին, իսկ հինգը՝ էներգետիկայի ոլորտի մասնագետներ, ովքեր Սիրիային տեխնիկական աջակցություն էին ցուցաբերում՝ «Ջանդար» էլեկտրակայանի կառուցման հարցում: Նրանց առևանգել էին անցած տարվա դեկտեմբերին՝ Հոմս քաղաքի մոտ: Առևանգման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Սիրիայում շիականության տարածման դեմ շարժումը», որը նախկինում հայտնի չէր:
Այս տարվա հունվարին անհայտ զինված անձինք առևանգել էին իրանական ուխտագնացների երկու խմբի (22 մարդ), ովքեր Դամասկոս էին ժամանել՝ այցելելու սիրիական մայրաքաղաքից հարավ գտնվող, շիաների կողմից չափազնաց հարգված Հուսեյն իմամի քրոջ` Զեյնաբի դամբարանին: Երկու դեպքերում էլ ավազակներն Իրանից եկող ավտոբուսները կանգնեցրել էին, ուղևորներից խլել էին թանկարժեք իրերը, տղամարդկանց տարել էին անհայտ ուղղությամբ, իսկ կանանց, երեխաներին և տարեց մարդկանց թողել էին ավտոբուսի մեջ: Խմբերից մեկն ազատ էր արձակվել փետրվարին։
Մի շարք առևանգումներից հետո Իրանի իշխանություններն արգելել են իրենց երկրի քաղաքացիներին ցամաքային տրանսպորտով ուխտագնացություններ կատարել դեպի Սիրիա:







































