Ոկրաինան դեռ հույս ունի համաձայնության գալ Ռուսաստանի հետ գազի գինն իջեցնելու հարցում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ամերիկյան The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում՝ նշելով, որ Կիևը կկրճատի գազի օգտագործման ծավալը:
«Գազի հարցը բարդ և ցավոտ է մեր երկրի համար: Ուկրաինան Եվրոպայում գազի համար ամենաբարձր գինն է վճարում, դա հիմնավորված չէ ուկրաինացի սպառողի համար: Ռուսաստանի հետ երկու տարվա ընթացքում շարունակվող բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել: Ուկրաինան պետք է կրճատի գազի սպառումը: Դա այդ բանակցությունների ուղղակի հետևությունն է: Դրանից հետո մենք կհետևենք կրճատման կուրսին»,- ասել է նախագահը:
Այս ենթատեքստում նա ընդգծել է, որ խոսքը մասնավորապես բնական գազը հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ ածուխով փոխարինելու, էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, ավելի էժան գազ գտնելու մասին է: «Միևնույն ժամանակ, մենք հույս ունենք, որ Ռուսաստանի հետ բանակցությունները լավ արդյունք կտան»,- ասել է Յանուկովիչը:
Ուկրաինայի ղեկավարությունը իր առջև խնդիր է դրել կրճատել գազի գնման ծավալները: Այժմ Ուկրաինան ՌԴ-ից 1000 խորանարդ մետր գազի համար վճարում է 416 դոլար: Կիևը փորձում է համոզել Մոսկվային վերանայել 2009թ. Յուլյա Տիմոշենկոյի կողմից ստորագրված գազի պայմանագիրը:











































