Վերջին երկու տարվա ընթացքում հասարակական սննդի օբյեկտներում նկատվում է ճագարի մսի պահանջարկ` որպես դիետիկ, խոլեստերին քիչ պարունակող, սպիտակ միս։ Այս մասին այսօր մեզ հետ զրույցում ասաց գյուղնախարարության անասնաբուծության և տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը և հույս հայտնեց, որ նապաստակի տարում կվերագործարկվի ճագարաբուծության ոլորտը։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հայաստանում ճագարաբուծությունը զարգացող ոլորտ էր։ Մեր այն հարցին, թե ինչու ճագարաբուծությունը անկում ապրեց` Աշոտ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դրա համար կար երկու պատճառ։ Նախ մենք Գուգարքում ունեինք մորթու վերամշակման արտադրամաս, որտեղ պատրաստում էին կանացի և երեխաների համար մուշտակներ։ Երկրորդ`1-3 օրական ճագարները հանձնվում էին Դաբաղի ինստիտուտ, որտեղ պատրաստում էին դաբաղի վակցինա։ Հիմա մորթու վերամշակման արտադրամասը, ցավոք սրտի, չի գործում, և ճագարի մորթին մթերող չկա, բացի այդ էլ` Դաբաղի ինստիտուտը վակցինա էլ չի արտադրում, և դա պատճառ դարձավ, որ ճագարաբուծությունը անկում ապրի»։