Մամուլում հրապարակվել է տեղեկատվություն, ըստ որի` օրերս գերմանական «Շպիգել» պարբերականին տված հարցազրույցում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Գազպրոմը» Հայկական ատոմակայանի համասեփականատերն է: Միլլերը, սակայն, չի նշել, թե երբ և ինչ պայմաններով է «Գազպրոմը» դարձել ՀԱԷԿ-ի սեփականատեր: Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը իրատեսական չի համարում ՀԱԷԿ-ը «Գազպրոմին» հանձնելը: «Ատոմակայանը այն ձեռնարկությունը չէ, որը հնարավոր է փակ, գաղտնի կերպով հանձնել ինչ-որ մեկին: Որոշումը կայացնելուց հետո կառավարությունը պետք է այն ներկայացնի Ազգային ժողով, անցնի և հաստատվի սահմանված ընթացակարգով»,- նշեց Արամ Սարգսյանը: