2007 թ. օգոստոսի 30-ին Հայաստանի զորամասերից մեկում անհայտ հանգամանքերում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի ծնողները` Սուրեն Օհանջանյանն ու Գոհար Սարգսյանը, շարունակում են բոլոր հնարավոր միջոցներով պայքարել` իրենց որդու մահվան հանգամանքները բացահայտելու համար: Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական վարկածի, Տիգրան Օհանջանյանը էլեկտրահարվել էր: Մեկ տարի առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով Տիգրան Օհանջանյանի գործը և չգտնելով մեղքը հաստատող ապացույցներ, արդարացրել էր զորամասի կապի հանգույցի պետ, կապիտան Ռուստամ Ասատրյանին և կրտսեր սերժանտ, պայմանագրային ծառայող Կարեն Թովմասյանին: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփութություն): Թեև Տիգրան Օհանջանյանի գործը քննվում է պաշտպանության նախարարության քննչական վարչությունում, սակայն առողջապահության նախարարությունը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է, իր հերթին, փորձաքննությամբ պարզեր` Տիգրանը մահացել է էլեկտրահարումի՞ց, թե՞ ոչ: Տիգրան Օհանջանյանի ծնողները շարունակում են չհավատալ էլեկտրահարության վարկածին և պահանջում են բացահայտել ճշմարտությունը: Մահացած զինծառայողի հայրը` Սուրեն Օհանջանյանը, «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ վերոհիշյալ հանձնաժողովի նախագահն է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում ամբիոնի վարիչ Նելլի Խոստիկյանը, որը մասնագիտացել է էլեկտրահարության վերաբերյալ եզրակացություններ տալով: Մեր զրուցակցին հաջողվել է ինտերնետի միջոցով պարզել, որ ժամանակին Նելլի Խոստիկյանը եզրակացություն էր ներկայացրել, համաձայն որի` հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալներից մեկը ազատազրկման վայրում էլեկտրահարվել է: «Այսօր նույն բանը հանձնարարվել է Նելլի Խոստիկյանին: Մենք եղել ենք առողջապահության նախարարի մոտ, խնդրել ենք, որ փոխի հանձնաժողովի նախագահին, որը կեղծ եզրակացություններ է տալիս: Առողջապահության նախարարը խոստացավ փոխել, բայց դա չարեց»,- մեր զրույցի ժամանակ ասաց Սուրեն Օհանջանյանը: Զինծառայողի հայրը վրդովված է հատկապես այն հանգամանքից, որ, նախքան գործին ծանոթանալը դատաբժշկական կենտրոնի փորձագետ Գագիկ Հարությունյանը և Հայաստանի գլխավոր այրվածքաբան Հովսեփ Շամախյանը հայտարարել են, որ Տիգրանը էլեկտրահարվել է: Երբ Սուրեն Օհանջանյանը եղել է հանձնաժողովի նախագահ Նելլի Խոստիկյանի մոտ և ասել, որ ինքը ճշգրիտ եզրակացություն է ուզում, վերջինս պատասխանել է. «Դուք ձեր հարցերը չեք կարողացել լուծել, այդ ցավը մեր վզին եք փաթաթել»:







































