Այսօր կառավարության արտագնա նիստում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը տեղեկացրեց, որ մարզում հաշվառված են 260 հազար ընտրողներ, ընտրատեղամասերը պատրաստ են ընտրությունների անցկացմանը:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական վիճակը` Կոտայքի մարզպետը 2011 թ. համար կարևորեց տնտեսական աճը` 23%, և արտահանման «շեշտակի» աճը` 40%: «Այսինքն՝ արտաքին շուկաներում մեր արտադրանքը մրցունակ է»,- ասաց նա:
Շահգալդյանի խոսքով՝ համայնքների բյուջեների հավաքագրման առումով ապահովվում է 100% ցուցանիշ: Միաժամանակ մարզն ունի նաև լուրջ հիմնախնդիրներ, որոնցից առաջինը աշխատատեղերի խնդիրն է: Ըստ նրա` կան մի քանի համայնքներ, որոնք արհեստականորեն են ձևավորվել խորհրդային տարիներին, եղել են զուտ արդյունաբերական քաղաքներ, իսկ այժմ գործարանները չեն աշխատում:
Կ. Շահգալդյանն առաջարկեց Նոր Հաճըն, Բյուրեղավան և Հրազդան քաղաքներում արտոնյալ պայմաններ ստեղծել բիզնեսի զարգացման համար, ինչը թույլ կտա նաև բեռնաթափել մայրաքաղաքը:








































