Մարտի 28-ին Սիրիայում մի խումբ ահաբեկիչներ գնդակահարել են ռազմաօդային ուժերի գեներալ Խլեյֆ Ալ-Աբդուլլահին: Ինչպես հաղորդում է սիրիական պետական Sana գործակալությունը, սպանությունը տեղի է ունեցել Հալեպից ոչ հեռու՝ Ալ-Համադանիա մզկիթի մոտ:
Ըստ գործակալության տեղեկությունների՝ գեներալը սպանվել է, երբ առավոտյան ծառայության էր գնում: Ահաբեկիչների մեքենան հավասարվել է գեներալի մեքենային և կրակ բացել նրա վրա: Սպանությունից հետո չարագործներին հաջողվել է թաքնվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Խլեյֆ Ալ-Աբդուլլահի սպանությունը Սիրիայի գեներալության դեմ հերթական ծրագրված ակցիան է: Ավելի վաղ՝ փետրվարի 11-ին, Դամասկոսում սպանվել էր մայրաքաղաքի հիվանդանոցի ղեկավար, բժշկական ծառայության գեներալ Իսա Ալ-Խոուլին:











































