Մաշտոցի պուրակի ապամոնտաժման պատրաստակամությամբ հանդես եկած խումբը գիտակցում է բոլոր ռիսկերը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը`հավելելով, որ հասարակական գործիչներից կազմված խումբը գիտակցում է բոլոր վտանգները, բայց այդուհանդերձ գնում է ապամոնտաժման:
Ըստ նրա` խնդիրը քաղաքացիական հասարակության ներկա փուլում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն է վերաբերում: «Ես՝ որպես քաղաքացի, հարկ եմ համարել անմասն չմնալ ներկայումս Մաշտոցի պուրակում ստեղծված իրադրությունից, որի վերաբերյալ ապամոնտաժման աշխատանքներին իմ համաձայնությունն եմ տվել: Ոչ միայն ես, այլև խմբի բոլոր անդամները, շատ գիտակից և մեծ փորձառություն ունեցող մարդիկ են, գիտակցում են թե՛ ոստիկանության հնարավորությունները, թե՛ գործողությունների հնարավոր ընթացքը»,- մեկնաբանեց Ս. Սարոյանը` հավելելով, որ տվյալ բուտիկներ ասվածի ետևում կանգնած մարդկանց, ոստիկանների կողմից սադրանքները նույնպես հաշվի են առնված:
Հիշեցնենք, որ այսօր հասարակական, քաղաքացիական տասը անվանի գործիչներից բաղկացած խումբը բաց նամակով դիմել է ոստիկանապետին և քաղաքապետարան` տեղեկացնելով, որ մարտի 31-ին նախատեսում են ապամոնտաժել տեղադրված կրպակները:












































