Երեկ ավարտվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Hollywood Non-Stop խորագիրը կրող համերգաշարը: Այն, ի դեպ, իրականացվել էր ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ՝ հայաստանյան 8 բուհերում: «Առաջին լատվական»-ի հետ զրույցում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ ունեցել են ութ փայլուն համերգ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում էլ փայլուն ընդունելության են արժանացել հանդիսատեսի կողմից. «Բոլոր բուհերում էլ հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր, ինչը խոսում է ուսանողների և հասարակության հավանության մասին: Ամենաբուռն ընդունելությունը երևի թատերական ինստիտուտում էր, բայց դրանով չեմ արժեզրկում մյուս բուհերը»:
Գեղարվեստական ղեկավարի հավաստմամբ՝ նախագիծը կարելի է հաջողված համարել: Նա վստահ է, որ դա դասական երաժշտությունը պրոպագանդելու ամենալավ ճանապարհն է. «Մենք ունենք ունկնդիրների բավականին լայն զանգված, և ամենահոռետեսական հաշվարկներով ուսանողների 20-30 տոկոսը կդառնա մեր վաղվա օրվա ունկնդիրը, որն է՛լ ավելի կօգնի պրոպագանդել դասական երաժշտությունը»:
Մեր հարցին՝ արդյոք ունկնդիրը պատրա՞ստ է ավելի բարդ երաժշտության, Սերգեյ Սմբատյանը պատասխանեց, որ մարդկանց հետ կամուրջը պետք է մի բանից սկսել. «Մենք միշտ խոսում ենք այն խնդրի մասին, որ հասարակությունը չի լսում դասական երաժշտություն, բայց այս համերգները վառ ապացույցն էին, որ մարդիկ պատրաստ են դրան: Ուղղակի այդ երաժշտության մատուցման ձևը, ֆորմատը պետք է ճիշտ պատկերացնենք: Եթե շատ ուժեղ և բարդ լինի ինֆորմացիան, մենք միայն կվանենք մարդկանց: Պետք է ցույց տանք, որ դասական երաժշտությունը այնքան էլ դժվար հասանելի չէ: Դրա համար էլ այս համերգաշարը, որտեղ ներկայացված էին հայտնի կատարումներ, պրոպագանդայի ամենալավ ձևն է»:
Վերջում Սերգեյ Սմբատյանը հավաստիացրեց, որ իրենց նախագիծը լինելու է շարունակական, և համերգներ լինելու են ոչ միայն երևանյան, այլև մարզերի բուհերում. «Բոլոր հաջողված նախագծերը շարունակական բնույթ են կրում: Եթե պրոյեկտը հաջողված է և մարդկանց սրտերում տեղ ունի, ուրեմն անպայման պետք է շարունակել: Բացի Երևանից, մարզերում նույնպես պետք է կարողանանք իրականացնել նման նախաձեռնություն: Ես վստահ եմ, որ հոլիվուդյան երաժշտությունը մարզերում նույնպես շատ սիրված է և պահանջարկ ունի»:







































