Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ, ներկայումս ԱՄՆ Մարշալի անվան գերմանական հիմնադրամի ավագ գիտաշխատող Պիտեր Սեմնեբին Մեդիամաքսին տված հարցազրույցում բավական հետաքրքրական միտք է արտահայտել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, ասելով, թե այդ հարցը պետք է դուրս գա Հայաստանի ներկայիս քաղաքական օրակարգից: «Այդ իրադարձությունները չպետք է Հայաստանի այսօրվա քաղաքական օրակարգի մաս կազմեն, ինչպես դա եղավ 2008 թ. մարտի դեպքերից անմիջապես հետո: Այսօր խոսքը հիմնականում պետք է գնա այդ վերքի բուժման մասին, որը ցավալի է բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են եղել»,-ասում է Սեմնեբին:
Պետք է նկատել, որ Եվրոպական թե՛ դիվանագիտական, թե՛ փորձագիտական հանրույթի մոտ տվյալ մոտեցումը բավական տարածված է: Ի վերջո հենց այդ մոտեցման հիմքով է թերևս ԵԽԽՎ-ում ամրագրվել Մարտի 1-ի էջը փակելու մասին եզրահանգումը, որ արձանագրվեց Հայաստանի մասին զեկույցում: Եվրոպայի դիրքորոշումը հասկանալի է՝ Հայաստանի քաղաքական գործընթացը կարող է փակուղում հայտնվել, եթե այն կենտրոնանում է Մարտի 1-ի խնդրի վրա:
Հասկանալի է, որ ներկայումս այդ խնդիրը իշխանությունն ի զորու չէ ենթարկել լիարժեք քննության և դիտարկման: Բայց խնդիրն այն է, որ մյուս կողմից էլ Հայաստանի քաղաքական գործընթացը հազիվ թե հնարավոր լինի առաջ մղել արդյունավետ հունով և զերծ պահել մարտի 1-երի կրկնությունից, եթե արդեն իսկ տեղի ունեցած ողբերգությունը չի ստանում լիարժեք և անաչառ գնահատական: Սեմնեբին ինքն էլ խոսում է այդ գնահատականի անհրաժեշտության մասին: Բայց հնարավո՞ր է արդյոք այդօրինակ գնահատական, եթե հարցը չլինի քաղաքական օրակարգում: Հազիվ թե, որովհետև այդ դեպքում իշխանությունը շահագրգիռ կլինի հնարավորինս կոծկել հարցը, իսկ նման պարագայում անհնար է ամբողջական պատկեր, առանց իշխանության լիազորությունների իրականացման:
Ավելին, Հայաստանում ընդունված Արտակարգ դրության մասին օրենքի նախագիծն ինքնին վկայում է, որ Հայաստանում ոչ միայն պահպանվում է Մարտի 1-ի կրկնության կամ նոր ձևով դրսևորման վտանգ, այլ նաև վկայում է այն մասին, որ իշխանությունն ինքնին չի բացառում այդպիսի միջոցների դիմելու անհրաժեշտությունն ու հնարավորությունը: Այդ պարագայում, զուտ քաղաքական առումով ռիսկային է Մարտի 1-ի խնդիրն օրակարգից հանելը, քանի որ այն կարող է իսկապես դուռ բացել նոր Մարտի 1-ի համար:
Նոր Մարտի 1-ից կամ համանման զարգացումներից խուսափելու կարևոր և ամենահուսալի երաշխիքներից մեկն իհարկե հենց այն է, որ հարցը մնա քաղաքական օրակարգում և լինի հարցադրումների և հանրային պահանջների առիթ և շարժառիթ: Միայն այդ դեպքում է հնարավոր իշխանությանը այդ առումով պահել առավելագույն հանրային հսկողության ներքո և զերծ պահել ուժային լուծումների գայթակղությունից, միևնույն ժամանակ հանրությանն էլ հնարավորություն տալով առավել անկաշկանդ և ազատ լինել սեփական իշխանության ձևավորման գործընթացում: Եվրոպական փորձագիտական և դիվանագիտական հանրույթը, ըստ երևույթին, ունի սեփական մոտեցումները որոշակիորեն վերարժեվորելու և դրանց ելակետերում նաև հայաստանյան իրականությունը դիտարկելու անհրաժեշտություն, այլապես Հայաստանում զարգացումների կայունությունը, սահմանադրականությունն ու հանդուրժողությունը ապահովելու հարցում Եվրոպան կարող է կորցնել Հայաստանի հասարակության և պետության համար արդյունավետ գործընկեր լինելու ռեսուրսի մի զգալի մաս:









































