UFC-ի նախագահ Դան Ուայթը UFC 146-ին նվիրված մամլո ասուլիսում խոսել է Ֆյոդոր Եմելյանենկոյի մասին: Երեք անընդմեջ պարտություններից և երկու հաղթանակներից հետո ռուս մարզիկը հետաքրքրություն չի առաջացրել Ուայթի ընկերությունում.
«Նա ամբողջովին դուրս է իմ տեսադաշտից», – mmajunkie.com կայքը մեջբերել է Ուայթի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ֆյոդոր Եմելյանենկոն իր կարիերայի ընթացքում մի քանի անգամ մոտ է եղել UFC-ի հետ պայմանագրի կնքմանը, սակայն կողմերը չեն համաձայնեցրել պայմանագրի պայմանները: 2009 թվականին Ուայթը բանակցություններ էր վարում մարզիկի մենեջերի` M-1 Global ընկերության ներկայացուցչի հետ, որպեսզի կազմակերպվի մենամարտ Եմելյանենկոյի և UFC ծանր քաշային կարգի չեմպիոն Բրոք Լեսնարի միջև:
«Այդ ժամանակ ես «տոննայով» փող էի առաջարկում Ֆյոդորին, սակայն իմ առաջարկը նրա մոտ ծիծաղ առաջացրեց: Այժմ ծիծաղելու ժամանակը չէ», – ասել է Ուայթը:
Ռուս մարզիկն իր վերջին հանդիպումն անցկացրել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին՝ Ճապոնիայում, որտեղ նոկաուտի ենթարկեց Սատոսի Իշիին: Strikeforce-ի փոխանցմամբ՝ մարզիկի հաջորդ մրցակիցը կլինի ծանր քաշային Բոբի Լեշլը:






































