Մարտի 28-ին ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Եւրամիության պատվիրակության դեսպանատանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ:
Հանդիպման նպատակն է եղել ԱԺ ընտրություններին ընդառաջ Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումների, ներկա իրավիճակի գնահատականի և առաջիկա անելիքիների մասին տեղեկատվություն ստանալը:
Դեսպանների խնդրանքով Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման կապակցությամբ իր նկատառումները` հատկապես նշելով արդեն հրապարակված ընտրողների ցուցակի ուռճացվածության հարցը: Մասնավորապես ներկաների ուշադրությունն է հրավիրվել այն պարադոքսի վրա, որ չնայած Հայաստանի բնակչության նվազմանը, ընտրողների թիվը ցուցակում ավելանում է:
Դեսպանների խնդրանքով Նախագահը ներկայացրել է նաև խորհրդարանում Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները, ինչպես նաև անդրադարձել է համամասնական ցուցակի կազմման սկզբունքներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:







































