Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հաջորդ շաբաթ այցելելու է Թեհրան: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Վերջինիս խոսքերով՝ Անանն Իրան կժամանի երկուշաբթի կամ երեքշաբթի. «Մենք հուսով ենք, որ Անանի առաքելությունը Սիրիայում հաջողություն կունենա: Սիրիայի համար գոյություն ունի ելք, այդ հարցում անհրաժեշտ է պահպանել համբերություն:
Սիրիայում արագ իշխանափոխությունը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի վրա և կստեղծի հավելյալ խնդիրներ: Թուրքիայի ու Իրանի միջև Սիրիայի շուրջ առկա են մի շարք տարաձայնություններ, սակայն երկու երկրները կանոնավոր երկխոսում են տվյալ հարցի շուրջ և համապատասխան խորհրդակցություններ են անցկացնում»:











































