ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Սիրիային անմիջապես կյանքի կոչել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագիրը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Ես պնդում եմ, որ նախագահ Ասադն անմիջապես կատարի իր պարտավորությունները: Ժամանակ կորցնել չի կարելի»,- ասել է նա Քուվեյթում տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Գործակալությունը նշում է, որ վաղը Պան Գի Մունը մեկնում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ՝ ԱՊԼ գագաթնաժողովին մասնակցելու: Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ Դամասկոսը կմերժի ԱՊԼ առաջարկած ցանկացած նախաձեռնություն:
Երեկ Սիրիայի իշխանություններն իրենց համաձայնությունն են տվել Անանի՝ ճգնաժամի կարգավորման ծրագրին:







































