ՀՅԴ պատգամավոր, կուսակցության համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականում հանգրվանած Լիլիթ Գալստյանը մարտի 28-ին Երևանում տեղի ունեցած քաղաքական քննարկման ընթացքում հայտարարել է, թե «բոնբոներկա» կամ ջեմ բաժանող կուսակցությունները այլասերում են հասարակությունը: Լիլիթ Գալստյանը, թերևս, մի փոքր սխալվում է:
«Բոնբոներկա» կամ ջեմ բաժանելը՝ քաղաքական դիվիդենտներ շահելու և նախընտրական միավորներ կուտակելու ակնկալիքով, իրականում ոչ թե հասարակությանը այլանդակելու ճանապարհ է, այլ արդեն իսկ այլանդակված լինելու հետևանք: Քաղաքական գործունեության ընթացքում «բոնբոներկա», ջեմ, ակնոց և այդ կարգի այլ բաժանումները, ապրանքահումքային այդ բարեգործությունն իրականում վկայում է տվյալ ուժի արդեն իսկ այլանդակվածության մասին, որովհետև միայն այդ աստիճանի հասած քաղաքական ուժն է, որ կարող է բազմաթիվ մարտահրավերներ, արտաքին ու ներքին մեծագույն վտանգներ ու ռիսկեր ունեցող երկրում քաղաքականության փոխարեն զբաղվել այդօրինակ մանր առևտրով: Հետևաբար, մենք ոչ թե հասարակության այլանդակման գործընթացի ականատես ենք, այլ ականատես ենք քաղաքական դաշտի այլանդակության հետևանքի։
Եվ որքան էլ տարօրինակ թվա, պետք է թերևս արձանագրել, որ Լիլիթ Գալստյանի ներկայացրած քաղաքական ուժն էլ իր հերթին նպաստել է քաղաքական դաշտի այլանդակմանը, առնվազն նրանով, որ տարիներ շարունակ համագործակցել է այն քաղաքական ուժերի հետ, որոնք իրենց քաղաքական միավորներն ու իշխանությունը ձեռք են բերել այդ ապրանքահումքային առևտրի միջոցով: Դաշնակցությունն, իհարկե, «բոնբոներկա», ակնոց, ջեմ կամ կոնֆետ չի բաժանել կամ այնքան չի բաժանել, որ կարելի լիներ համեմատել մյուս բաժանողների հետ, բայց Դաշնակցությունը տարիներ շարունակ դաշնագրեր և հուշագրեր է ստորագրել այդ բաժանող ուժերի հետ և ընդամենը 2009 թվականին է խզել նրանց հետ դաշնակցային հարաբերությունները, այն էլ՝ ոչ թե «բոնբոներկա» և կոնֆետ բաժանելու, այլ ընդամենը հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության պատճառով:
Հետևաբար, Լիլիթ Գալստյանը և հանրային քաղաքական առողջությամբ մտահոգ բոլոր մյուս դաշնակցական ազնիվ գործիչները նախ և առաջ պետք է այդ առողջության մասին գործնական մտահոգությունը սկսեն, թերևս, սեփական կուսակցությունից, որպեսզի ՀՅԴ-ն, լինելով իսկապես ուրույն դիմագիծ և կարևոր գաղափարաբանական հենք ունեցող քաղաքական ուժ, այսուհետ խուսափի այլանդակված քաղաքական դաշտի հետ տարաբնույթ գործարքներից:
Ի վերջո, որքան էլ որ Դաշնակցությունը ազգասիրական, հայրենասիրական և պետականապաշտական ձևակերպումներով և արդարացումներով փորձի հիմնավորել այլանդակված քաղաքական պատկերացումներով ուժերի հետ հարաբերությունն ու գործարքները, միևնույն է, դրանք, բացի վնասից, բացի հանրային քաղաքական առողջության համար պատասխանատվությունից, որևէ այլ բանի չեն հանգեցնում:
Լավ է, երբ քաղաքական ուժերում կան Հայաստանի առաջ ծառացած ներկայիս մարտահրավերները գիտակցող, ազնիվ և անկեղծ մտահոգությամբ համակված գործիչներ, բայց թերևս հարկ է, որ այդ գործիչները Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների դիմադրության շարժումը սկսեն նախ և առաջ իրենց քաղաքական ուժերից, որոնք եթե չեն էլ հանդիսանում այլանդակված քաղաքական դաշտի բնորոշ սուբյեկտ, ապա առնվազն լեգիտիմացնում են դաշտին բնորոշ այլանդակությունը:







































