Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում գործող Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնը (CSIS) պատրաստել է «Մեծ Կովկաս. փլուզման ու ինտեգրման միջև» խորագրով զեկույցը: Զեկույցի հեղինակը CSIS-ի՝ ԱՊՀ-ի, Ռուսաստանի ու Կովկասի գծով փորձագետ Ջեֆրի Մանկոֆն է:
Զեկույցի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Զեկույցում նշված է, որ Կովկասում միջազգային համագործակցության գլխավոր գործոններն են էներգետիկան ու խողովակաշարերը: Բացի այդ, զեկույցում մեծ տեղ է հատկացված Ղարաբաղյան հակամարտությանն ու Ադրբեջանի դինաստիայի ռեժիմին.
«Հարավային Կովկասի տարածքային վեճերից ամենավտանգավորը Լեռնային Ղարաբաղինն է: Հայաստանն ու Ադրբեջանը լավ սպառազինված են և կարծում են, թե հակամարտության վերսկսման դեպքում կհաղթեն իրենք: Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնում Հայաստանի անվանական դաշնակից Ռուսաստանից: Նրա ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի ողջ պետբյուջեն, և ամեն տարի այդ տարբերությունը մեծանում է:
Չնայած նրան, որ ներկայումս Ադրբեջանը չունի ճնշող գերակշռություն, ինչը նրան հնարավորություն կտար հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա, Ադրբեջանում գնալով ավելի շատ են հակվում այն մտքին, որ Ղարաբաղի վրա վերահսկողությունը կարելի է վերականգնել ռազմական ճանապարհով:
Տարածաշրջանային կայունությունը կարող է խաթարել գոյություն ունեցող ռեժիմներից մեկի կամ մի քանիսի կրախն ու Արաբական գարնան նման զարգացումները: Հարավային Կովկասում գոյություն ունեցող ռեժիմների լեգիտիմությունը խախուտ է, ներքին ու արտաքին գործոնները պարարտ հող են ստեղծում տարածաշրջանում հեղափոխությունների հնարավոր ընդարձակ ալիքի համար:
Օրինակ՝ Ադրբեջանն ունի դաժան, դինաստիական քաղաքական համակարգ, բնակչությունն ապրում է փոփոխությունների ակնկալիքով, ինչը կարող է հակակառավարական բողոքների պատճառ դառնալ:
Մեծ Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության ընդհանուր նպատակը պետք է լինի գլոբալ տնտեսությանն ինտեգրվելուն հանգեցնող գործընթացների խրախուսումն ու հակառակ գործընթացների սահմանափակումը:
Էներգետիկ ոլորտի զարգացման հետ մեկտեղ՝ Վաշինգտոնը պետք է նպաստի տրանսպորտային նոր կապերի (ավտոճանապարհներ, երկաթուղիներ ու նավահանգիստներ) ստեղծմանը, որոնք կօգնեն Մեծ Կովկասը կապել արտաքին աշխարհի ու համաշխարհային շուկաների հետ:
ԱՄՆ-ը պետք է ընդունի ու հաշվի առնի, որ տարածաշրջանային երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, ԵՄ-ը և անգամ Իրանն այստեղ ունեն իրենց շահերը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը:
ԱՄՆ-ը պետք է ավելի իրատեսական դիրքորոշում ցուցաբերի Հարավային Կովկասի անջատողական շրջանների կարգավիճակի նկատմամբ, որոնք դե ֆակտո արդեն երկու տասնամյակ է, ինչ ունեն անկախություն և հազիվ թե խաղաղ ճանապարհով վերադառնան Ադրբեջանի (Լեռնային Ղարաբաղ) և Վրաստանի (Հարավային Օսիա ու Աբխազիա) ինքնիշխանության ներքո»:








































