Չունենալով վարչական որևէ ռեսուրս, մինչև անգամ պատգամավորական մանդատներ խորհրդարանում՝ ՀԱԿ-ն այս չորս տարիներին կարողացել է համախմբել ժողովրդին և այսուհետ էլ անելու է ամեն բան՝ իշխանափոխության հասնելու համար: Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի՝ այսօր կազմակերպած քաղաքական քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը:
«Մենք ազնիվ ենք ժողովրդի առջև, և վստահ եմ, որ իշխանափոխությունը մեզ կհաջողվի: Իրավիճակը, որին Հայաստանը հասցրել են իշխանությունները, ավելի վատը լինել չի կարող»,- ասաց նա:
Քննարկման մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն իր հերթին «ընկերական խորհուրդ» տվեց Կարապետյանին՝ իշխանափոխության փորձեր անելու փոխարեն աշխատել որոշակի թվով տեղեր ապահովել ԱԺ-ում: «Բացի այդ, կարծում եմ, ժամանակն է գիրք գրել այն մասին, թե ինչու չստացվեց տարիներով ձեր խոստացած հեղափոխությունը»,- նշեց նա:











































