«Սիթի պետրոլ գրուպ» ընկերությունն (CPS) առայժմ չի վճարել 2 շաբաթ առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի սահմանած տուգանքը`100 մլն դրամը: Ընկերությունը նաև առայժմ չի բողոքարկել ՏՄՊՊՀ-ի որոշումը, ինչպես հայտարարել էր որոշումն ընդունելուց հետո, թե «նշանակված տուգանքի հիմնավորումները, որոնց ծանոթացել են ՏՄՊՊՀ-ի կայքէջից` ընդունելի չեն, և ընկերությունն իր իրավունքները պաշտպանելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով»:
Հանձնաժողովից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին, որ CPS-ը դիմել է իրենց՝ խնդրելով հնարավորություն տալ վարույթի նյութերին ծանոթանալու համար: «Դիմումը գրելուց հետո 10 օր ժամանակ ունեն, ժամկետը դեռ չի լրացել»,- նշեցին ՏՄՊՊՀ-ից:
Գործի նյութերին ծանոթանալուց հետո ընկերությունը կորոշի՝ դիմել դատարա՞ն, թե՞ վճարել տուգանքը:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրության ընթացքում հայտնաբերել էր օրենքի մի շարք խախտումներ, մասնավորապես ընկերության վարած գնային քաղաքականության արդյունքում անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկացել էին, և վերջինների սեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառել էին CPS-ին: Հանձնաժողովի որոշմամբ ընկերությունը եռօրյա ժամկետում պարտավոր էր վերացնել խախտումն ամբողջությամբ և աշխատել արդար մրցակցային կանոններով՝ չչարաշահելով գերիշխող դիրքը:
Հավելենք, որ ողջ օրվա ընթացքում CPS-ից պարզաբանում ստանալ չհաջողվեց. ոմն Աշոտ Սալազարյանի ղեկավարած ընկերության աշխատակցուհին, տեղեկանալով զանգի նպատակի մասին, վայր դրեց հեռախոսը, իսկ հաջորդ զանգերը համառորեն անջատում էր:











































