РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը խրախուսում է տարածաշրջանի այն երկրներին, որոնք ջանքեր են գործադրում Իրանի հետ առևտրից ու ամուր հարաբերություններից հրաժարվելու ուղղությամբ: Այս մասին երեկ Դուշանբեում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բլեյքը.
«Դա անհրաժեշտ է Իրանի վրա ճնշում գործադրելու և միջազգային հանրության հետ միասնական դիրքորոշում զբաղեցնելու համար՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ: Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները միտված են նրա միջուկային ծրագրի զարգացման հնարավորությունների սահմանափակմանը:
Ներկայումս ԱՄՆ-ը փնտրում և աջակցում է Իրանը շրջանցող տնտեսական նախագծերին: Գոյություն ունեն նմանատիպ մի շարք նախագծեր, ինչպես, օրինակ, TAPI-ն (Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան) և մի շարք այլ խողովակաշարեր, որոնք ներկայումս դիտարկվում են մեր կողմից: ԱՄՆ-ը առանձնահատուկ է աջակցում TAPI գազատարին»:
Հիշեցնենք, որ Թուրքիան նույնպես մեծապես շահագրգռված է TAPI գազատարով:








































