«Առավոտ»-ի խմբագիրը գրում է.
«Ընդհանրապես, քաղաքական գործիչներին ես բաժանում եմ ոչ թե իշխանամետների և ընդդիմադիրների, ոչ թե բարիների ու չարերի, ոչ էլ, բնականաբար, «քրեաօլիգարխների» և «սուրբ-ալտրուիստների», այլ` քառակուսիների (բանաստեղծ Թոմաս Սթրենզ Էլիոթը կասեր` hollow men) և ոչ քառակուսիների:
Քառակուսիները մտածում են պատրաստի կլիշեներով, բանաձևերով և դրանց արտաբերումը համարում են քաղաքական և քարոզչական պայքարի լավագույն տարբերակը: Ոչ քառակուսիներն ամեն պահի ստեղծում են կամ փորձում են ստեղծել նոր բանաձևեր, որոնք կարող են և սխալ լինել, բայց շահեկանորեն տարբերվում են պատրաստի կարծրատիպերից: Ոչ քառակուսիները պատրաստ են ցանկացած պահի հրաժարվել արդեն իր ճանապարհը հարթած շարժումից և նոր ոլորտ մտնել: Որպես ոչ քառակուսի գործչի օրինակ կարող եմ բերել Տիգրան Թորոսյանին (իր բազմաթիվ մեղքերով), որը չի ցանկանում պատգամավոր դառնալ ոչ թե այն պատճառով, որ հնարավորություն չուներ սուսուփուս մնալ ՀՀԿ անդամ և շարունակել վայելել մանդատը, ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բանից նեղացած է կամ խոցված, այլ` պարզապես, որովհետև գտել է պատգամավոր լինելուց ավելի հետաքրքիր և հաճելի զբաղմունք:
Բնականաբար, խելացի մարդը պետք է զգա իր հնարավոր «քառակուսիացման» վտանգը:
Երբ մարդկանց հարցնում ես` ինչու են նրանք ուզում պատգամավոր դառնալ, նրանք սովորաբար տալիս են միանգամայն քառակուսի պատասխաններ: Իսկ ոչ քառակուսի պատասխանը կլիներ, օրինակ, հետևյալը. «Պատգամավոր լինելը կայֆ է»»:












































