Լիբիայի հարավարևմտյան Սեբհա քաղաքում միջէթնիկական բախումների հետևանքով զոհվել է 25, վիրավորվել՝ մոտ 100 մարդ: Այս մասին հայտնել է եգիպտական «Աշ-Շուրուք» թերթը:
Անցյալ տարի քաղաքացիական պատերազմի ժամանակ ապստամբների կողմից պայքարող աուլյադ-Սուլեյման և սևամորթների թոբու ցեղերի միջև զինված բախումները չեն դադարում երկուշաբթի օրվանից: Կոնֆլիկտը ծագել է այն ժամանակ, երբ լուրեր են տարածվել, որ ցեղի ներկայացուցիչներից մեկը սպանվել է մյուս ցեղի անդամներից մեկի ձեռքով:
Նման բախումներ գրանցվել էին նաև փետրվարին՝ Քուֆրա քաղաքում, այս անգամ զուվաիա և թոբու ցեղերի միջև: Այդ ժամանակ Ազգային անցումային խորհուրդը վիճակը կայունացնելու համար զորք էր մտցրել քաղաք:
Լիբիայում միջէթնիկական բախումները շատացել են Մուամար Քադաֆիի բռնապետության տապալումից հետո: Ինչպես նշել է «Աշ-Շուրուք» թերթը, երկրի ներկայիս իշխանությունների համար գնալով ավելի բարդ է դառնում վերահսկել երկիրը, մասնավանդ այն բանից հետո, երբ որոշ ազդեցիկ տոհմերի և ցեղերի ներկայացուցիչներ ցանկություն են հայտնել պետական կառավարման ձևը վերափոխել դաշնային ձևի:











































