ԱՄՆ նախագահի թեկնածու, Հանրապետական կուսակցությունից Միթ Ռոմնիի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան Վաշինգտոնի թիվ 1 թշնամին է, նրան իր ագրեսիվ տրամադրություններով հարազատացնում է Ջորջ Բուշ-Կրտսերի ադմինիստրացիայի հակառուսական տրամադրություններ ունեցող ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Մասնավորապես, նա հիշեցրել է, որ «նման բնույթի մեղադրանքներ հնչել են Ռիչարդ Չեյնիի ու Դոնալդ Ռամսֆելդի շրջապատից կամ անձամբ իրենցից»: «Դա զարմանալի չէ: Ռոմնիի` արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդակականների թվում նույն պահպանողականներն են, որոնք անուղղակի ազդել են Բուշի ժամանակ արտաքին քաղաքականության մշակման վրա»,- կարծում է Պուշկովը:
«Մենք դարձյալ լսում ենք սենատորին (Ջոն Մակքեյն), չնայած հայտարարություն է անում Ռոմնին, ու այնպիսի տպավորություն է, որ խոսում է Մակքեյնը»,- նրա խոսքը փոխանցում է ITAR-TASS-ը:
Դրա հետ միասին, Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարը անհրաժեշտ է համարում Ռոմնիին հիշեցնել, որ «այդպիսի մոտեցումներով Մակքեյնը պարտվեց 4 տարի առաջ», երբ «Ամերիկան նրան մերժեց` որպես Բուշի գործի շարունակող ու ընտրեց Օբամային»: «Բայց երևում է, որ չնայած Իրաքում ԱՄՆ պարտությանը ու Աֆղանստանում հասունացող պարտությանը, ինչպես նաև վերջին նախագահական ընտրություններում պարտությանը, հանրապետականները ոչինչ չեն սովորել»,- հայտարարել է Պուշկովը:
«Նրանք չեն ցանկանում հասկանալ, որ Ամերիկան ամենազոր չէ: Նրանք չեն ցանկանում հասկանալ, որ ուժային մեթոդները այն ճանապարհը չեն, որով հնարավոր է լուծել միջինարևելյան շրջանի խնդիրները»,- կարծում է նա:
Ավելին՝ Պուշկովը կարծում է, որ այդ շրջանակների ներկայացուցիչները «չեն ցանկանում հասկանալ, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող միակողմանի արտաքին քաղաքականություն իրականացնել, ու այն փաստը, որ նրանք պետք է հաշվի առնեն Ռուսաստանի, Չինաստանի և ժամանակակից աշխարհի մի շարք այլ հեղինակավոր երկրների դիրքորոշումը, նրանց կատաղեցնում է»:












































