ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 27-ին ղազախական Ալմաթի քաղաքում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստին:
Մինչ նիստի մեկնարկը պատվիրակությունների ղեկավարները ծաղիկներ են դրել Անկախության հուշակոթողին:
Բացելով նիստը, ՌԴ Դաշնային խորհրդի և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ներկայացրեց այն կարևոր նախաձեռնություններն ու աշխատանքները, որ իրականացրել է Վեհաժողովն անցած քսան տարվա ընթացքում: Մասնավորապես նշվեց, որ կառույցն իր հիմնական գործունեությունն ուղղել է ԱՊՀ անդամ երկրների օրենսդրական դաշտի մերձեցմանն ու ներդաշնակեցմանը: ԱՊՀ ՄԽՎ-ն ակտիվորեն մասնակցել է Համագործակցության տարածքում ինտեգրման գործընթացներին:
Նշվել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից երկրների խորհրդարանական պատվիրակությունները ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում հետևողականորեն քննարկել են այդ պայմանագրի օրենսդրական հարցերը, իսկ 2006 թվականից որոշում է կայացվել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ստեղծման մասին: ԱՊՀ ՄԽՎ կարևորագույն գործառույթներից է եղել խաղաղարար գործունեությունը, որն իր մեջ ներառում է ոչ միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման իրավական հիմքերի մշակումը, այլ նաև անմիջական խաղաղարար միջոցառումների իրականացում Համագործակցության թեժ կետերում: Դրանցից կարևորագույններից մեկն է 1994 թվականին Բիշկեկում ստորագրված արձանագրությունը` Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ապահովող առայժմ միակ քաղաքական փաստաթուղթը:
Նիստի ընթացքում ելույթներ են ունեցել մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, հոբելյանի առթիվ շնորհավորանքի խոսքեր հղեցին միջազգային այլ խորհրդարանական կառույցների ներկայացուցիչներ: Մասնավորապես ՍԾՏՀ ՄԽՎ անունից, որտեղ նախագահում է Հայաստանը, ողջույնի խոսք ասաց ԱԺ պատգամավոր, ՍԾՏՀ ՄԽՎ փոխնախագահ Արեգ Ղուկասյանը` ներկայացնելով նաև ՀՀ նախագահության օրոք կատարված աշխատանքը: Նա տեղեկացրեց, որ մայիսի 22-24-ը Երևանում Հայաստանի նախագահությամբ կանցկացվի ՍԾՏՀ գլխավոր վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հոբելյանական նիստում ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:
Ելույթը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի տիկին նախագահ
Հարգելի գործընկերներ
Տիկնայք և պարոնայք
Պատմական և ժամանակային առումով քսանամյակը մեծ ժամկետ չէ, սակայն մեր երկրների և ժողովուրդների, Անկախ Պետությունների Համագործակցության համար ընդհանրապես այն նշանակալից ժամանակահատված է:
Դեռևս 20 տարի առաջ նոր կազմավորվող բոլոր անկախ պետությունների համար խիստ հրատապ և ընդհանրական խնդիր էր ազգային որակական մի նոր օրենսդրական-իրավական համակարգի ստեղծումը: Ընդ որում, մենք բոլորս հասկանում էինք, որ համապատասխան կադրերի ու անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պայմաններում միայնակ դժվար կլինի հաղթահարել այդ խնդիրը: Միաժամանակ հասկանալի էր, որ նման իրավական դաշտի ստեղծումը, որը կհամապատասխաներ նոր տնտեսական և քաղաքական իրողություններին, հումանիտար ամուր կապերի առկայության պայմաններում հնարավոր է միայն ԱՊՀ երկրների խորհրդարանների ջանքերը միավորելով:
Հենց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը դարձավ այն ասպարեզը, որտեղ, համատեղելով ընդհանուր հնարավորություններն ու ներուժը, մենք կարողացանք արդյունավետ կերպով փոխգործակցել և համակարգված լուծել ծառացած խնդիրները:
Սկզբնական փուլում ԱՊՀ անդամ երկրների առանձնահատկությունների հաշվառումով համապատասխանեցված մոդելային օրենսդրությունը շատ մեծ նշանակություն ունեցավ: Արդյունքն ակնհայտ է, երբ գնահատում ենք ԱՊՀ երկրների օրենսդրական դաշտում իրականացված փոփոխությունների ծավալը, որն այսօր համահունչ է միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին: Այս առումով ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել:
Բացի այդ` ՄԽՎ-ի մշտական հանձնաժողովներում մոդելային փաստաթղթերի նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքի շնորհիվ օրենսդրական պրոֆեսիոնալ գործունեության մեծ փորձ կուտակվեց: Բացի դրանից` համատեղ աշխատանքը, հաճախակի հանդիպումները, գործընկերների անընդհատ շփումերը նաև նպաստեցին Համագործակցության կայացմանն ու ամրապնդմանը, միջխորհրդարանական լայնածավալ գործունեության կազմակերպմանը:
Հարգելի գործընկերներ
Անարդարացի կլիներ հոբելյանական նիստում չնշել ԱՊՀ ՄԽՎ-ի խաղաղապահ առաքելությունը, չհիշել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև Բիշկեկի արձանագրության ստորագրման հարցում Վեհաժողովի կարևոր ներդրման մասին, որի շնորհիվ 1994 թ. մայիսին հաջողվեց հրադադարի հասնել:
Հարգելի գործընկերներ
ՀՀ Ազգային ժողովն ակտիվորեն համագործակցում է աշխարհի գրեթե բոլոր խորհրդարանների հետ, անդամակցում միջազգային հեղինակավոր խորհրդարանական կազմակերպություններին: Այդ համատեքստում, իհարկե, հատուկ ուշադրության է արժանի ԱՊՀ երկրների խորհրդարանների հետ համագործակցությունն ու միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում փոխգործակցությունը:
Հայ խորհրդարանականները ՄԽՎ-ի հիմնադրման ակունքներում են եղել, անմիջական մասնակցություն ունեցել Կազմակերպությունը արդյունավետ միջխորհրդարանական կառույց դարձնելու գործում: Ազգային ժողովի պատգամավորները ներգրավված են եղել ամենատարբեր մոդելային իրավական ակտերի, այդ թվում` Վեհաժողովի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի մշակման ու համաձայնեցման գործընթացում:
Հայ խորհրդարանականներն ակտիվորեն են աշխատում ոչ միայն ՄԽՎ-ի մշտական հանձնաժողովներում, այլև մասնակցում են ՄԽՎ-ի կազմակերպած բոլոր միջոցառումներին: ՄԽՎ-ի պատվիրակության մեջ մեր խորհրդարանականները ԱՊՀ տարածքում նաև դիտորդական առաքելություն են իրականացնում ընտրական գործընթացներում: Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչների գործունեությունն ըստ արժանվույն է գնահատել Միջխորհրդարանական վեհաժողովը: Նրանցից շատերը միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ու զարգացնելու համար պարգևատրվել են ԱՊՀ ՄԽՎ-ի պատվոգրերով ու մեդալներով:
Հարգելի գործընկերներ
Միջխորհրդարանական վեհաժողովը կայացման դժվար ճանապարհ է անցել` իր ուրույն տեղն զբաղեցնելով առաջատար միջխորհրդարանական կազմակերպությունների շարքում:
Այդուհանդերձ, մենք գտնում ենք, որ Վեհաժողովը դեռևս իր աշխատանքները հետագայում կատարելագործելու մեծ ներուժ ունի: Այս առումով արդիական եմ համարում այս փուլում այնպիսի մոդելային իրավական ակտերի մշակումը, որոնք կարող են մեր երկրների հետագա տնտեսական համարգործակցությունը զարգացնելուն ու խորացնելուն, միջազգային ասպարեզում միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելուն, Համագործակցության անդամ երկրների ժողովուրդների միջև հումանիտար կապերն ընդլայնելուն ուղղված փաստաթղթերի հիմք դառնալ: Նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՄԽՎ-ի աշխատանքներում, ցավոք, կարծես թե, չի նկատվում նախկին ոգևորությունը: Կարծում եմ, որ անհրաժեշտ է հրաժարվել կարծրատիպերից և Միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը նոր բովանդակություն հաղորդել:
Սիրելի ընկերներ
Ամփոփելով ելույթս` ուզում եմ նշել, որ իսկապես պատմական կարճ ժամանակահատվածում Կազմակերպությունն անցել է ձևավորման, համագործակցության լավագույն ձևաչափ որոնելու բարդ ճանապարհ: Դրա լավագույն արդյունքն այն է, որ ԱՊՀ պետությունների փոխգործակցությունը կարևոր ոլորտներում մասնակիցների ձգտումով ու պատրաստակամությամբ է պայմանավորված:
Այս ամենը, առանց չափազանցության, վերաբերում է նաև ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին` որպես Համագործակցության բաղկացուցիչ մասի:
Հարգելի գործընկերներ
Վերջում թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել ՄԽՎ-ի 20-ամյա հոբելյանի առթիվ և շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր կանգնած են Միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման ակունքներում, բոլորին, ում ջանքերի շնորհիվ կայացավ մեր կազմակերպությունը, և հատկապես ՄԽՎ-ի Խորհրդի քարտուղարությունը 20 տարի անընդմեջ ղեկավարող Միխայիլ Իոսեֆովիչ Կրոտովին, բոլորին` իրենց անխոնջ և շնորհակալ աշխատանքի համար` հանուն մեր Համագործակցության պետությունների շահերի ու միասնականության ամրապնդման:
ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը լսել ու ընդունել է նիստի օրակարգում ներառված բոլոր տասնմեկ հարցերը, մասնավորապես մի շարք երկրներում իրականացված դիտորդական առաքելությունների արդյունքները, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 2011 թվականի գործունեության արդյունքները, 2012 թվականի աշխատանքային պլանը:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի 20-ամյակի մասին» հայտարարությունը, որտեղ ամփոփելով երկու տասնամյակի գործունությունը` մասնավորապես նշվում է, որ գլխավոր ուղղություններից է եղել Համագործակցության օրենսդրական հիմքերի ձևավորումը` ուղղված անդամ երկրների օրենսդրական դաշտերի մերձեցմանը, ընդհանուր իրավական հիմքի վրա ընդգրկուն համագործակցության ապահովմանը:
Ասվում է, որ ԱՊՀ ՄԽՎ մոդելային օրենսդրական հիմքի ստեղծումը Համագործակցության երկրներին հնարավորություն է տվել ընդհանուր մոտեցումներ մշակել շուկայական տնտեսության, անվտանգության ապահովման, սոցիալական և էկոլոգիական քաղաքականության մեջ, ապահովել մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, հումանիտար համագործակցությունը:
Քսանամյա գործունեության արդյունքում Վեհաժողովն ընդունել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան 315 մոդելային օրենսգիրք, օրենք ու երաշխավորություն` տեղայնացված ԱՊՀ տարածքի համար և հասարակության գործունեության բոլոր ուղղություններն ընդգրկող:
Հայտարարության մեջ խոսվում է ԱՊՀ ՄԽՎ միջազգային գործունեության, Վեհաժողովի կողմից կազմակերպած համաժողովների և կոնֆերանսների դերակատարության, հետխորհրդային տարածքում միջխորհրդարանական համագործակցության տարբեր մակարդակներով և աստիճանների ինտեգրման մեխանիզմների ապահովման, այն նպաստի մասին, որ ունեցել է Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովների կայացմանը:
Կարևորվում է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների դերակատարությունը Համագործակցության անդամ երկրներում ժողովրդավարական ու ազատ ընտրությունների ու հանրաքվեների անցկացման գործում, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ մասնակից երկրների ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրության իրավունքների պաշտպանության մոնիտորինգի միջազգային ինստիտուտի ստեղծման ու գործունեության ապահովման մեջ, որի մասնաճյուղերը գործում են հինգ անդամ երկրներում, այդ թվում` Հայաստանում:
Նշանակալից է Վեհաժողովի ներդրումը հումանիտար համագործակցության, պառլամենտարիզմի ավանդույթների, ազատ երկխոսության դաշտի ձևավորման, տնտեսական գործակցության ընդլայնման ոլորտներում:
Հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնվում ակտիվ մասնակցություն ցուցաբերել ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշումների օրենսդրական ապահովման, համագործակցության կարևոր ուղղություններով միջպետական ծրագրերի ձևավորման ու իրականացման գործում: Մեծ հեռանկար է արձանագրվում համատեղ ուժերով մոդելային օրենսդրության հետագա կատարելագործման ուղղությամբ, արձանագրվում է միջազգային խորհրդարանական կառույցներում համատեղ գործողությունների համակարգման կարևորությունը:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի անդամներն իրենց հաստատակամությունն են հայտնում ընդլայնել միջխորհրդարանական երկխոսությունը թե աշխարհագրական, թե բովանդակային առումով, մշտապես կատարելագործել խորհրդարանների միջև համագործակցության ձևերն ու ուղղությունները:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 16-17-ը, Սանկտ Պետերբուրգում:
ՄԽՎ խորհրդի որոշմամբ` ԱՊՀ գործունեությունն ապահովող օրենսդրական հիմքերի ստեղծմանը նպաստելու, միջխորհրդարանական և ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար «ԱՊՀ ՄԽՎ. 20 ամյակ» ոսկե և արծաթե մեդալներով, ինչպես նաև պատվոգրերով պարգևատրվեցին տարբեր երկրների ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը պարգևատրվեց «ԱՊՀ ՄԽՎ. 20 ամյակ» ոսկե մեդալով: ՀՀ խորհրդարանի ղեկավարին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանագրով շնորհվեց նաև «Ղազախստան. անկախության քսան տարի» մեդալ:
Խորհրդի նիստն իր աշխատանքներն ամփոփել է խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համատեղ ասուլիսով:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ Սամվել Նիկոյանը նշեց, որ ներկա դրությամբ ՀՀ և ՌԴ միջև ռազմավարական համագործակցությունը զարգանում է միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով: Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը մեծապես նպաստում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային խորհրդի միջխորհրդարանական հանձնաժողովի գործունությունը: Վերջինիս երկարամյա աշխատանքի շնորհիվ ՀՀ և ՌԴ միջխորհրդարանական կապերը ստացել են կայուն և դինամիկ բնույթ, ստեղծվել է իրավական հիմք, որը երկու երկրների միջպետական համագործակցության համար ապահովում է բնականոն և լայնածավալ զարգացում:
Կողմերը կարևոր են համարել երկկողմ խորհրդարանական դիվանագիտության ջանքերի ակտիվացումը հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդման և վստահության մթնոլորտի ձևավորման գործում` ընդգծելով Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Անդրադարձ եղավ երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությանը, մասնավորապես ՀՀ մարզերի և ՌԴ սուբյեկտների միջև:
ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանի խորհրդարանը կարևորում է ԱՊՀ ՄԽՎ ջանքերը Համագործակցության երկրների միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացման ուղղությամբ: ՀՀ-ն հատկապես բարձր է գնահատում համագործակցությունը ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Պարոն Նիկոյանը կարևորեց նաև միջազգային խորհրդարանական կառույցներում փոխհամաձայնեցված գործունեությունը:
Միջխորհրդարանական կապերի նշանակության և դրանց հետագա խորացման ու կատարելագործման անհրաժեշտության, փոխգործակցության հետագա հեռանկարների վերաբերյալ քննարկումներ ծավալվեցին նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի և Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու, Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Կայրաթ Մամի հետ ունեցած երկկողմ հանդիպումների ժամանակ: Նուրլան Նիգմատուլինը հատկապես բարձր գնահատեց հայ համայնքի ունեցած դերակատարությունը իրենց երկրի տարբեր ոլորտների առաջընթացի գործում: Երկուստեք կարևորվեց քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը և տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:








































