Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանում գտնվող միջազգային ուժերի կազմում ներառված վրացական ստորաբաժանումներին զենքի մատակարարմամբ:
Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է. «Դեռևս նախորդ տարի ԱՄՆ-ի դեսպանատունը ռուսական կողմին իրազեկել է այն մասին, որ Վաշինգտոնը մտադիր է հրաձգային զենք և զրահատեխնիկա հատկացնել Աֆղանստանում գտնվող զինվորական կոնտինգենտին:
Մենք սկզբունքորեն կարևորում ենք, որպեսզի Աֆղանստանում վրացական կոնտինգենտի կողմից օգտագործվող զենքը չհայտնվի Վրաստանում: Վրաստանը հաճախ Միջազգային անվտանգության աջակցության ուժերին (ISAF) իր մասնակցելը ծառայեցնում է սեփական ռազմականացման համար:
Սաակաշվիլիի ռեժիմն այդ սպառազինությունը կարող է ուղղել Աբխազիայի ու Հարավային Օսիայի, այդ թվում՝ նաև դրանցում բնակվող ռուս քաղաքացիների դեմ: Դրա համար էլ Վրաստանի հետ ամեն տիպի ռազմական համագործակցությունը հղի է տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար լուրջ հետևանքներով:
Ռուսական կողմը մեկ անգամ չէ, որ ԱՄՆ պետդեպարտամենտի ուշադրությունը հրավիրել է ամերիկյան ռազմանավերի՝ ավելի հաճախ Վրաստանի նավահանգիստներ մուտք գործելու վրա: Ինչպիսի պարզաբանումներ էլ որ տրվեն այդ կապակցությամբ, ակնհայտ է, որ այդ նավերի մուտքը վրացական ղեկավարության կողմից ընկալվում է որպես իր ռևանշիստական ձգտումների խարխույս»:







































