2011 թվականի սեպտեմբերին Սկարլետ Յոհանսոնի մերկ լուսանկարները համացանցում տարածած ցանցահենը ստիպված կլինի 2.2 միլիոն դոլար տուգանք վճարել և 60 տարի անցկացնել ճաղերի հետևում: 35-ամյա գործազուրկ Քրիստոֆեր Չենիի դեմ 9 կետից բաղկացած մեղադրանքը հաստատվել է:
Երգչուհի Քրիստինա Ագիլերայի և դերասանուհի Միլա Կունիսի էլեկտրոնային փոստերի ծածկագրերը կոտրելը ևս կապվում է նրա անվան հետ: Ֆլորիդացի ցանցահենին ձերբակալել էին անցյալ տարի հոկտեմբերին` Operation Hackerazzi գործի շրջանակում, որը վերաբերում էր աստղերի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումներին: Հետաքննության տվյալներով`2010 թվականի նոյեմբերից 2011-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, Չենիի համացանցային ապօրինությունների զոհն են դարձել շոու-բիզնեսի ավելի քան 50 ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները, այդ թվում՝ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ և տեսանյութեր, համացանցում տարածած Կարեն Արայանի դատավարությունը:
Դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ` նիստն ընթանում է դռնփակ կարգով
Նշենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը:












































