Հայտնի սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը խոստացել է դառնալ ԶԼՄ-ների վառ պաշտպանն այն դեպքում, եթե ընտրվի ու դառնա Ավստրալիայի Սենատի անդամ: Այս մասին գրում է The Sydney Morning Herald-ը:
Նա ասել է նաև, որ սենատորի արտոնությունները կօգտագործի այն բանի համար, որ վերացնի դատական սահմանափակումներն ու մյուս սահմանափակումները, որոնք խոչընդոտում են մարդկանց` տեղեկություն ստանալու ազատ մատչումին:
Սենատում առաջադրվելու մասին Ասանժը հայտարարել էր մարտի սկզբին:
Ասանժի խոսքով` ավստրալական քաղաքականության հետ «ինչ-որ բան այն չէ»: Նա նկատել է, որ կառավարությունում պաշտոնները բաժանվում են «ըստ ծանոթության», իսկ քաղաքական առաջնորդները հետապնդում են բացառապես իրենց սեփական նպատակներն ու հաշվի չեն անում հասարակ մարդկանց իրավունքները: Այս մասին հայտնում է Interfax-ը:
WikiLeaks-ի հիմնադիրը հայտարարել է, որ դիտարկում է սենատոր առաջադրվելու բոլոր հնարավորությունները` կարող է լինել անկախ թեկնածու, ստեղծել սեփական կուսակցությունը կամ միանալ արդեն գոյություն ունեցող կուսակցությանը:
Ավստրալիայի Սենատի ընտրությունները տեղի կունենան 2013 թ.:






































