Ոչ երջանիկ հաճախորդների թվով McDonalds արագ սննդի ցանցն առաջին տեղում է,- հաղորդում է Daily Mail-ը`վկայակոչելով BIGinsight-ի հրապարակած տվյալները:
Ամերիկացիները, որոնք հաճախ են այցելում արագ սննդի կետեր, պակաս երջանիկ են նրանցից, ովքեր հազվադեպ են այցելում կամ առհասարակ չեն այցելում: Հարցմանը մասնակցել է 9000 մարդ: Նրանցից պահանջվել է գնահատել սեփական երջանկությունը` 1-5 բալանոց սանդղակով: Տվյալները մտահոգիչ են: Հարցված 5 մարդկանցից ավելի քան մեկը իրեն ոչ երջանիկ է համարել:
Հարցումները վկայում են, որ արագ սննդի սիրահարներից ամենադժբախտը McDonalds-ից օգտվողներն են:
Հաճախորդներին ապերջանկացնող ռեստորանների քառյակում ընդգրկված են Taco Bell-ը, Wendy’s-ը և Burger King-ը: Ըստ հետազոտության` արագ սննդի կետերից լավագույններն են Arby’s-ը, Chick-fil-A-ը և Subway-ը:Վերջիններիս հաճախորդները ոչ միայն երջանիկ են, այլև հարուստ, ինչպես նաև հաճախ են այցելում մարզասրահներ:
Նշենք, որ McDonald’s-ի այցելուների շարքում մեծ թիվ են կազմում մշտական կին այցելուները` 56 տոկոս: McDonald’s-ից օգտվողների զգալի մասը գանգատվել է թույլ առողջությունից, իսկ 30 տոկոսը պատասխանել է, որ առողջ կենսակերպ չի վարում:
Հետազոտության արդյունքները ստիպել են արագ սննդի կետերին վերանայել առաջարկվող մենյուն:













































