TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Սեուլում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում ատոմակայանների կառուցման հիմնախնդրին.
«Երկրի տարածքում ատոմակայանների կառուցման շուրջ մենք Ռուսաստանի հետ մեկտեղ բանակցում ենք նաև Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ: Սեուլում կայացող միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում մենք ատոմակայանների կառուցման շուրջ վարել ենք մի շարք բանակցություններ: Կոնկրետ որոշումներ դեռ չկան: Թուրքիան մոտ է խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի գործածման շուրջ Ճապոնիայի ու Չինաստանի հետ համաձայնագրեր ստորագրելուն»:
Հիշեցնենք, որ ներկայումս թուրքական կողմը պլանավորել է երկրի տարածքում կառուցել միանգամից երեք ատոմակայան: Արդեն հայտնի է, որ առաջին ատոմակայանը կառուցելու է Ռուսաստանը՝ միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում: Մինչդեռ ցայժմ որոշված չէ, թե որ երկիրը կամ երկրներն են կառուցելու թուրքական մյուս երկու ատոմակայանները, որոնց համար որպես տեղանք են ընտրված սևծովյան Սինոպը և Թրակիայում գտնվող Իղնեադան:












































