TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին (2008-2010) պետ Իլքեր Բաշբուղը հրաժարվել է իր պաշտպանության իրավունքից: Բացի այդ, նա հայտարարել է, որ մտադիր չէ պատասխանել դատարանի հարցերին: Բաշբուղի դեմ կազմված է 39 էջանոց մեղադրական:
Թուրքիայում Իլքեր Բաշբուղի դեմ հետաքննությունը սկսվել է հունվարի 2-ին, իսկ դրանից օրեր անց՝ հունվարի 6-ին, Բաշբուղը «զինված ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու և գործող կառավարությանը տապալելու փորձ ձեռնարկելու» մեղադրանքով հենց դատարանում առնվեց կալանքի տակ և ուղարկվեց Սիլիվրիի բանտ:
Հիշեցնենք, որ ձերբակալվելուց հետո Բաշբուղը հերքել էր այն տեղեկատվությունը, թե ինքը ստեղծել է կառավարությանը վարկաբեկող մի շարք ինտերնետային կայքեր՝ ընդգծելով, որ եթե իսկապես ցանկանար երկրում իրականացնել ռազմական հեղաշրջում, ապա դրա համար իր տրամադրության տակ ուներ 700,000 զինծառայող:











































