Բաղդադում այսօր մեկնարկում է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը: Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ է Իրաքն իրավունք ստացել անցկացնելու նման մեծ միջոցառում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ոչ բոլոր պետություններն են, սակայն, գագաթնաժողովին ներկայացված լինելու պետության ղեկավարի մակարդակով: Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիյար Զիբարին հույս է հայտնել, որ Բաղդադ կժամանեն 8 երկրների ղեկավարներ:
Ռադիոկայանի տեղեկատվության մեջ նշվում է, որ շիական մեծամասնություն ունեցող Իրաքի և հարևան սուննիական պետությունների միջև շարունակվում է զգուշավորության քաղաքականությունը:
Քննարկման հիմնական թեմաներից են լինելու Սիրիայում առկա իրավիճակը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի և Պարսից ծոցի շուրջ աճող լարվածությունը:
Բաղդադում այս միջոցառման կապակցությամբ ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ, իրավապահների թիվը մեծացվել է 100 հազարով: