Թուլուզի ահաբեկչությունն իրականացրած ֆրանսիացու հայրը` Մուհամադ Բենալիլ Մերան, պատրաստվում է դատի տալ Ֆրանսիայի իշխանություններին` որդուն սպանելու համար: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Նա պնդում է, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի թույլ չտար որդու սպանությունը: «Նրանք կարող էին գազով քնեցնել նրան և ձերբակալել»,- ասել է ահաբեկչի հայրը:
Ահաբեկչի հայրը հավելել է, որ այս գործի համար պատրաստվում է դիմել ամենալավ փաստաբանների և աշխատել մինչև կյանքի վերջը` նրանց ծառայությունների դիմաց վճարելու համար:
Հիշեցնենք, որ ալժիրյան ծագումով ֆրանսիացի Մուհամմեդ Մերան 2012 թ. մարտին Ֆրանսիայի հարավում մի շարք սպանություններ իրականացրեց: Նրա ձեռքով մահացավ յոթ մարդ` հրեական քոլեջի երեք աշակերտներ, նրանց ուսուցիչը և երեք զինվորականներ:
Մարտի 21-ի գիշերը ֆրանսիական ոստիկանության հատուկ ջոկատայինները ձեռնամուխ եղան 24-ամյա ծայրահեղականին ձերբակալելու գործին: Ֆրանսիական իշխանություններն անխնա քննադատության ենթարկվեցին, երբ պարզ դարձավ, որ Մերան նախկինում հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, բայց նրան ձերբակալելու ոչ մի հիմք չի եղել:










































